Հայաստանի հավաքական. այսօրն ու վաղը

Վաղը պարզ կդառնա՝ մենք առաջիկայում կունենանք նոր մարզիչ, թե աշխատանքը կշարունակի Վարդան Մինասյանը:

Հիմա հասկանանք ինչ է մեզ սպասում առաջիկայում:

Եթե մնում է Վարդան Մինասյանը

Nostalgie երգելու ժամանակը չէ

Մոռացեք, ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականը չկա, Սլովակիային երկու անգամ հաղթած Հայաստանի հավաքականը չկա, Մակեդոնիային ոչնչացրած Հայաստանի հավաքականը չկա…

Կա այսօրվա Հայաստանի հավաքականը, ով 4 խաղից հետո հաղթել է միայն Մալթայի հավաքականին, խփել ընդամենը երկու գոլ, բաց թողել՝ որքան ուզեք: Պետք է սկսել ապրել այսօրվա օրով եւ հետագա քայլերի մասին մտածել: Դա վերաբերում է ոչ միայն հավաքականին, մարզչական շտաբին, այլ նաեւ երկրպագուներին:

Փորձենք հասկանալ՝ ինչու չկա այն հավաքականը: Չմոռանանք, այն հավաքականը ուրիշ էր: Այն թիմի տղաները ասելու բան ունեին, իսկ այս թիմն ու երկրպագուները ապրում են այն հավաքականի կարոտախտով:

Այն ժամանակվա Յուրա Մովսիսյանը «Ռանդերսում» ու հավաքականում «մեջտեղից պատռվում էր» իրեն ցույց տալու համար: Իսկ հիմա ռուսական մամուլի առաջին էջերից չիջնող հարձակվող է՝ գլամուրային կյանքի բոլոր հատկանիշներով:

Այն ժամանակվա Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» նորեկն էր, իսկ հիմա օրվա լրահոսում առնվազն 2-3 լուր կա նրա եվրոպական թոփ -թիմ տեղափոխվելու մասին:  Մարկոս, Ղազարյան… ցանկը դուք էլ կարող եք շարունակել: Այո, այն ժամանակվա հավաքականն էլ էին իրենք, բայց մեկ անգամ էլ կարելի է հիշեցնել՝ այսօր նրանք շատ բանի են հասել հենց հավաքականի շնորհիվ:

Եվ խնդիրը այն չէ, որ նրանք ժամանակին այդքան չէին վաստակում, դրա համար էլ լավ էին խաղում: Փոխվելը է մեր շատ ֆուտբոլիստների կյանքի, ապրելակերպի, շրջապատի որակական աստիճանը եւ առաջին հերթին՝  ինքնագնահատման աստիճանը: Համաշխարհային ֆուտբոլում քիչ չեն օրինակները, որ շատերը այդ գայթակղություններին չեն դիմանում: Բայց մի բան պարզ է. մենք քաղում ենք դրա պտուղները:

Գլխավոր մարզիչը

Հիմա շատ հեշտ է ասել՝ մեղավորը Վարդան Մինասյանն է: Այո, մեղքի առյուծի բաժինը նրանն է, բայց արդյոք միայն նրանը: Սխալների մասին շատ է խոսվել, հիմա հասկանանք՝ ինչ է պետք անել: Մունդիալ-2014-ում մենք չենք լինի նույնիսկ մեր լավ երազներում: Այսօրվանից սկսած Վարդան Մինասյանը պետք է սկսի կոորդինալ փոփոխություններ՝ անկախ այն բանից, թե նա կշարունակի աշխատանքը ԵՎՐՈ-2016-ում, թե ոչ:

Մինասյանը պետք է դիմանա այս ճնշմանը, բայց առաջին հերթին հաշվի չառնելով հնչեցված մտքերից շատ շատերը: Այն ինչ գիտի կամ պատկերացնում է երկրպագուն՝ դրանք հիմնականում չպետք է արվեն, որովհետեւ եթե այդ ամենը պատկերացնում է ֆուտբոլաՍԵՐԸ, ապա դա ուղղակի պրիմիտիվ քայլ է պրանդելիներիի, օլսենների եւ բիլեկների համար: Իսկ այսօր հավաքականում արվող շատ քայլեր արվում են՝ առաջին հերթին մտածելով «թե ինչ կասեն երկրպագուները»:

«Ֆրանսիական մեթոդ» եւ նոր թիմի կառուցում

Հիշում եք՝ ինչ արեց Մունդիալ-2010-ում ձախողվելուց հետո Ֆրանսիայի հավաքականն ընդունած Լորան Բլանը: Նա առաջին հավաքին չհրավիրեց հիմնական կազմի 13 ֆուտբոլիստի: Բլանը դա չարեց այն բանի համար, որպեսզի օրիգինալ երեւա, դա արվեց, որ ցույց տրվի, որ սա հավաքական է, այլ ոչ ռիբերիների, բենզեմաների, մալուդաների, նասրիների «պարտեզը»:

Հասկանալի է՝ մենք չունենք Ֆրանսիայի նման ընտրություն, բայց…

Եկեք, 1-2 անգամ հավաքական չհրավիրենք Ղազարյանին ու Մանուչարյանին, 1-2 անգամ Յուրա Մովսիսյանը խաղը սկսի պահեստայինների նստարանից. տեսնենք հետո այդ ֆուտբոլիստները կշարունակե՞ն այդպես խաղալ: Պետք է տեղ տալ նորերին: Ո՞վ կարող է ասել, որ Բադոյանը, Մալաքյանը վերը նշված երկու ֆուտբոլիստներից վատ կխաղային: Կապելլոն Ռուսաստանի ընտրանին ընդունելով՝ սկսեց չհրավիրել Արշավինին, Պոգրեբնյակին, Պավլյուչենկոյին, իսկ հիմա տեսնում ենք ինչ են անում ռուսները:

Նոր անուններ, նոր մարդիկ… դա հավաքականին թարմություն կտա:

Եթե գնում է Վարդան Մինասյանը

Իսկ հիմա անդրադառնանք այն հարցին, թե մեզ այս պահին պետք է նոր մարզիչ, թե ոչ:

«Այաքսի»  մարզադպրոցի բակում «մեծացած» Հենկ Վիսման, ֆրանսիացի տուրիստ Կազոնի, դասախոս-տեսաբան Պոուլսեն… հիմնականում այսպիսին են եղել մեր ընտրությունները: Դա մեր ֆուտբոլային մենեջմենտի արդյունքն է:

Որեւէ մեկը կարող է երաշխավորել, որ ասենք 300-400 հազար տարեկան (ելնելով մեր վճարած նախկին մաքսիմալ թվերից) աշխատավարձով մենք ճիշտ ընտրություն կկատարենք:

Մենք էլ կարող ենք այսօր տեսականորեն մի քանի անուններ տալ, բայց երաշխավորել չես կարող:

Պետք է այսօր ՀՖՖ-ի ղեկավարության կողմից, գլխավոր մարզչի կողմից հայտարարվի, որ մենք սկսում ենք նոր թիմի կառուցում, բայց դրան զուգահեռ պետք է անձնական ամբիցիաները մի կողմ թողնելով՝ «մերժվածներին» եւ «նազ ու տուզ» անողների հետ գալ ընդհանուր հայտարարի:

Եվ ամենակարևորը. իսկ ով կարող է երաշխավորել, որ նոր մարզիչ գալով` ՀՖՖ նախագահը կրկին չի միջամտի հավաքականի աշխատանքներին: Օտարերկացի մարզիչների համար ինքնուրույնությունը գլխավոր պայմանն է:  Նոր մարզիչ ունենալով՝ դրա պատասխանը պետք է ունենալ հենց սկզբից, այլապես կոնֆլիկտները անխուսափելի են:

Այս ամենը անելով՝ չկասկածեք. ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՁԵԶ ԿՀԱՍԿԱՆԱՆ, ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՄԻՇՏ ԿԼԻՆԵՆ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ:

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ:

Գևորգ Բուռնուչյան