Որպեսզի Մխիթարյանի տրանսֆերի շուկայական արժեքը չընկնի, Ռայոլան առաջարկում է «Արսենալին» երկարաձգել պայմանագիրը նրա հետ

Հայտնի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ Հենրիխ Մխիթարյանը երկարաձգի  աշխատանքային պայմանագիրը «Արսենալի» հետ, իսկ հաջորդ մրցաշրջանը կրկին «Ռոմա» մեկնի վարձակալությամբ:

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախկինում ներկայացնում էր Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան», այժմ խաղում է «Ռոմայի» կազմում՝ վարձակալությամբ: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»:

Կարծես թե  «Զինագործներն» այլևս հույս չեն դնում հայ կիսապաշտպանի վրա, բայց նրա գործակալ Մինո Ռայոլան ամեն ինչ կանի, որ «Արսենալը» նոր պայմանագիր ստորագրի Հենրիխի հետ:

Սա պետք է Ռայոլային, քանի որ նա լավ հոնորարներ է ստանում Մխիթարյանի և «Արսենալի» միջև ձեռք բերված գործարքից: Լոնդոնյան ակումբը ցանկանում է ամռանը վաճառել Մխիթարյանին 25 միլիոն եվրոյով: Ռայոլան վստահ է, որ ոչ ոք նրան չի գնի այդ գնով, ուստի առաջարկում է «Արսենալին» երկարաձգել պայմանագիրը, որպեսզի ֆուտբոլիստի տրանսֆերի շուկայական արժեքը չընկնի: Երկարաձգվելուց հետո ֆուտբոլիստը վարձավճարով կրկին կվերադառնա «Ռոմա»: