Մի օր դու այստեղ ես, մյուս օրն` այնտեղ. Մխիթարյանը նախընտրում է «Ռոման»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակնարկել է, որ «Ռոմայում» վարձակալության ժամկետի ավարտից հետո  չի պատրաստվում վերադառնալ  «Արսենալ»:

Ունայի Էմերիի ծրագրերում չկարողանալով գտնել իր տեղը՝ այս մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը տեղափոխվեց Հռոմ:
Իտալական ֆուտբոլին հարմարվելը շատ արագ կամ դյուրին չէր, բայց կամաց-կամաց 31-ամյա հայ կիսապաշտպանը վերածվեց «Ռոմայի» կարևոր խաղացողի ՝ Սերիա Ա-ի մեկնարկային մրցաշրջանում դառնալով վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Այժմ Հենրիխը զգում է, որ գտել է իր տեղը.

- Երբ «Արսենալում» էի, մարզիչը ինձանից այլ բաներ էր ակնկալում: Իսկ այստեղ ինձանից սպասումներն այլ են:

Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում էր Պաուլո Ֆոնսեկայինից, և այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք ավելի դասական ֆուտբոլ ենք խաղում, որը կարծում եմ՝ ինձ ավելի համապատասխան է:

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք ավելի հարձակիվողական ոճով՝ անընդհատ ձգտելով գնդակը մեզ մոտ պահել, և ինձ դուր է գալիս այսպիսի խաղը:

Այս պահի դրությամբ ես չեմ կարող որևէ բան ասել իմ ապագայի մասին, քանի որ մրցաշրջանը դադարեցվել է, և մենք չգիտենք, թե երբ ենք կրկին խաղալու, և ինչ կլինի ամռանը:

Ֆուտբոլն այնքան փոփոխական է: Մի օր դու այստեղ ես, մյուս օրը` այնտեղ: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել քեզ հետ, մինչև այն իրականում տեղի չունենա, – ասել Մխիթարյանը The Times-ին: