Ֆերդինանդ. Պետք է դադարեցնել Պրեմիեր լիգան և «Լիվերպուլին» թողնել առանց տիտղոսի

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կոչ է արել չեղարկել Պրեմիեր լիգայի մրցաշրջանը և «Լիվերպուլին» թողնել առանց տիտղոսի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակը ստիպել է դադարեցնել Պրեմիեր լիգայի մրցաշրջանը այն ժամանակ, երբ երկար սպասված տիտղոսից առաջ «Լիվերպուլին» ընդամենը երկու հաղթանակ էր բաժանում: Այնուամենայնիվ, Ֆերդինանդը անհրաժեշտություն չի տեսնում վերսկսել մրցաշրջանը, մանավանդ՝ մարդկանց առողջությունը ռիսկի ենթարկելու հաշվին.

- Կարծում եմ, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանը պարզապես պետք է չեղյալ հայտարարվի: Գիտեմ, որ «Լիվերպուլի» շատ երկրպագուներ ինձ կասեն. «Օ, Ռիո, դու ասում ես դա, որովհետև դու երկրպագում ես «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Լիվերպուլը» գտնվում է չեմպիոնության եզրին»:

Բայց հարցը բոլորովին էլ դա չէ: Ես պարզապես մրցաշրջանն ավարտելու անհրաժեշտություն չեմ տեսնում, մանավանդ, որ դրա համար մարդկանց առողջությունը վտանգի է ենթարկվում:  Նույնիսկ եթե խաղերը շարունակվեն առանց հանդիսականների, խաղացողները հավաքվելու են մի տեղում: Այդ դեպքում արդյոք խաղացողները հասարակության մաս չե՞ն կազմում:

Անպայման կլինեն խաղացողներ, որոնք կտուժեն վիրուսից: Ինչ-որ մեկը չի կարողանա վերականգնվել դրանից, ինչ-որ մեկն էլ կվարակվի մյուսից: Հետո վիրուսը կփոխվի մնացած խաղացողներին, ինչը թիմերին կդարձնի անհավասար: Չեմ կարծում, որ ճիշտ է նման պայմաններում խաղալը:

Բացի այդ, մարզադաշտում բացի խաղացողներից կլինեն այլ մարդիկ` անձնակազմից կամ անվտանգության ծառայությունից: Սա վտանգի է ենթարկում բոլորին:

Լսե՛ք, մենք բոլորս սիրում ենք ֆուտբոլը: Բայց սա կյանքի և մահվան խնդիր չէ: Նման իրավիճակներում մարդկանց առողջությունը պետք է լինի ամեն ինչից վեր:

Սկսե՛ք մրցաշրջանը զրոյից: Երբ այս սրված իրավիճակը թուլանա, սկսեք նոր մրցաշրջան, քանի որ ներկա պահին չեմ տեսնում հեռանկար, թե ինչպես կարող եք ժամանակին ավարտել ընթացիկ մրցաշրջանը:

Եթե մեկ ամսվա ընթացքում երկիրը անմիջապես վերադառնա նորմալ կյանքին, ապա մենք կարող ենք խոսել խաղերը վերսկսելու մասին: Բայց հիմա ես դա չեմ տեսնում, – Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում  Daily Star- ը: