Թե ինչպես Արտետան վարակվեց կորոնավիրուսով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչպես է ընթանում իր ապաքինումը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին «Արսենալը» հայտարարեց, որ Արտետայի մոտ ախտորոշվել է COVID-19: Պրեմիեր լիգան անմիջապես հրավիրեց արտակարգ  ժողով և դադարեցրեց մրցաշրջանը, որն այնուհետև երկարաձգվեց մինչև ապրիլի 30-ը:

37-ամյա իսպանացու խոսքով՝ ախտորոշվելուց ընդամենը մի քանի օր անց կրկին իրեն նորմալ է զգացել.

- Այժմ ես ինձ շատ լավ եմ զգում: Զգում եմ, որ ապաքինվում եմ: Ինձանից երեք-չորս օր պահանջվեց և ինձ ավելի լավ զգացի. էներգիաս վերադարձավ  և  ախտանշանները նահանջեցին: Ճշմարտությունն այն է, որ այժմ առողջությունս լավ վիճակում է:

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ: Երեքշաբթի կեսօրին ես ինձ վատ զգացի, ուստի գնացի տեսնելու մեր բժշկին, իսկ նա այնտեղ չէր: Մարզվելուց հետո ինձ զանգահարեցին ղեկավարությունից: Ես իմ մեքենայում էի, և նրանք ինձ ասացին, որ «Օլիմպիակոսի» նախագահի թեստը դրական է եղել, այնպես որ նրա հետ կապ հաստատած յուրաքանչյուր ոք ռիսկի գոտում է:
Ես տեղեկացրի, որ ինձ վատ եմ զգում, և որ սա մեզ համար բարդ իրավիճակ է, քանի որ շատ խաղացողներ շփվել են «Օլիմպիակոսի» նախագահի հետ:
Առաջիկա օրերին մենք պետք է խաղայինք «Մանչեսթեր Սիթիի» հետ և ուղղակի իրավունք չունեինք ռիսկի ենթարկել այդքան շատ մարդկանց՝ առանց այդ մասին ասելու:

Անցած չորեքշաբթի ես թեստ հանձնեցի, իսկ ուրբաթ օրը ինձ ախտորոշեցին՝ COVID-19: Ու այդ տեղեկությունները փոխանցեցինք Պրեմիեր լիգային:

Բնականաբար, բոլոր նրանք, ովքեր ինձ հետ կապվել էին, մեկուսացվեցին, հետևաբար հանդիպումներն էլ հետաձգվեցին, -պատմել է  Արտետան La Sexta-ին: