Կատակ, որը կարող է որակազրկում արժենալ. Կորոնավիրուսն ու Ալիի անխոհեմ քայլը

«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին ներողություն է խնդրել կորոնավիրուսի մասին իր ռասիստական ​​կատակի համար:

Անցած շաբաթ օրը Ալին, ով ձմեռային արձակուրդում է, օդանավակայանից տեսանյութ էր տեղադրել սոցցանցերից մեկի իր էջում, որտեղ ցույց է տալիս ասիական արտաքինով մի տղամարդու, որից հետո անմիջապես հասնում հակասեպտիկ շշի օգնությանը: Այս ամենից զատ ֆուբոլիստն ասում է. «Այս վիրուսն ավելի արագ պետք է լինի, որպեսզի հասնի ինձ», – ասել է Անգլիայի հավաքականի 23-ամյա խաղացողը:

Այս հրապարակումից  անմիջապես հետո Ալին քննադատվեց հասարակության կողմից և նույնիսկ կասկածվեց ռասիզմի մեջ: Դելեն ստիպված էր շտապ հեռացնել տեսանյութը սոցիալական ցանցերից, այնուհետև պաշտոնապես ներողություն խնդրել. «Ես կցանկանայի ներողություն խնդրել Snapchat-ում տեղադրած տեսանյութի համար: Այն զվարճալի չէր: Ես  հասկացա դա և անմիջապես ջնջեցի: Ես ինքս ինձ և ակումբին ամոթով թողեցի: Եղբայրներ, ես չեմ ուզում, որ դուք այդպես մտածեք իմ մասին:

Իհարկե, սա կատակելու թեմա չէ: Իմ ամբողջ սերը, մտքերը և աղոթքները Չինաստանի մարդկանց հետ են, – ասել է Ալին:

Այնուամենայնիվ, պատմությունն այստեղ չի ավարտվում և պաշտոնական ներողությունը  նրան չի արդարացնում:  Ըստ Evening Standard- ի՝ FA-ն այժմ  հետաքննություն է սկսել Ալիի դեմ՝  բացատրություն պահանջելով նրանից:

Եթե ​​Դելեի տեսանյութը ռասիստական ​​համարվի, ապա 23-ամյա կիսապաշտպանը որակազրկվելու է, և  նա բավականին մեծ տուգանք կվճարի:

Հիշեցնենք, որ նմանատիպ պատիժ կրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնար Սիլվան՝ իր թիմակից Բենջամին Մենդիի վերաբերյալ ոչ պատշաճ թվիթերյան կատակի համար: