Մեսսին կարող է անվճար հեռանալ հունիսին. Հինգ ակումբ դիտարկում են նրա տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը

Միջազգային մամուլի գլխագրերը հուշում են, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է անսպասելի ընթացք ստանալ և չի բացառվում, որ կատալոնական ակումբը շատ մոտ ապագայում կարող է կորցնել իր լեգենդին ու առանց որևէ փոխհատուցման: Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը նույնպես չի բացառում արգենտինացու հեռանալու տարբերակն ու փորձել է հասկանալ, թե իրադարձությունների նման զարգացման դեպքում որտեղ կարող է կարիերան շարունակել Մեսսին: Վերջինս խոստովանել է՝ իր գործող պայմանագրում կա կետ, որը թույլ է տալիս նրան հեռանալ որպես ազատ գործակալ:  

Լիոնել Մեսսիի ապագան «Բարսելոնայում» մշուշոտ է: Արգենտինացին իր ողջ կարիերան անցկացրել է կատալոնացիների կազմում, սակայն ակումբի ներսում տիրող անառողջ մթնոլորտը կարող են ստիպել Լեոյին մտածել կարիերան այլ թիմում շարունակելու մասին:

Իտալական La Gazzetta Dello Sport պարբերականը վստահեցնում է, որ մի շարք ակումբներ արդեն սկսել են գնահատել իրենց հնարավորությունները կապված Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու հետ, եթե արգենտինացին իհարկե կորոշի հեռանալ: Մեսսիի գործող պայմանագրում կա դրույթ հեռանալու մասին, որում նշված է, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից գործող պայմանագրով նախատեսված մնացած ցանկացած մրցաշրջանից հետո մի պայմանով, որ նա այդ որոշման մասին տեղյակ կպահի ակումբին մեկ ամիս առաջ:

Իտալական աղբյուրը տվել է այն հինգ ակումբի անունները, որոնք կարող են առաջարկություն անել Մեսսիին՝ «Պարի Սեն ժերմեն», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս», «Ինտեր»:  Ճիշտ է, հնարավոր տրանսֆերի դեպքում նրանք ստիպված չեն լինի վճարել տեղափոխության համար, բայց ստիպված կլինեն դատարկել գրպանները Մեսսիի աշխատավարձի հարցը լուծելու համար: Իտալիայում կարծում են, որ Մեսսին կարող է պահանջել 50-85 միլիոն եվրո աշխատավարձ: Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելու հարցում  բրիտանական The Daily Mail պարբերականը ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»:

Կողմերի միջև գործող պայմանագիրը թարմացնելու շուրջ Մեսսին ու «Բարսելոնան» դեռ չեն բանակցում, իսկ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի վերջին հայտարարությունն ու Մեսսիի արձագանքը ստիպել են վերոհիշյալ ակումբներին ակտիվանալ: Անցած տարվա սեպտեմբերին Sport պարբերականի հետ զրույցում Մեսսին խոստովանեց, որ իր գործող պայմանագրում կա հեռանալու մասին դրույթ, բայց նա չէր շտապում պայմանավորվել «Բարսելոնայի» հետ նոր պայմաններով: Լեոյի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին:

Gazzetta dello Sport պարբերականը նաև հավելել է, որ «Բարսելոնան» իր հերթին է պատրաստվում հնարավոր բոլոր զարգացնումներին և Մեսսիի հեռանալու դեպքում ունի լուծում: Կատալոնացիների շարքերը կարող են համալրել Լաուտարո Մարտինեսն ու Նեյմարը, որոնք ծառայություններով ակումբը վաղուց է հետաքրքրված: Կատալոնական կողմը վստահ է, որ վերջիններս կարող են փոխարինեկ Մեսսիին ու Լուիս Սուարեսին: