Ջերարդ. Եթե չհեռանայի, չէի կարողանա երազել կրկին «Լիվերպուլ» վերադառնալու մասին

«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ պետք է հեռանար «Լիվերպուլից», որպեսզի ապագայում Կարմիրների հետ աշխատելու հնարավորություն ունենա:

2018 թվականի մայիսին «Լիվերպուլի» ակադեմիայի մինչև 18 տարեկանների հավաքականի հետ   միայն մեկ տարի աշխատելուց հետո Ջերարդը որոշեց մեկնել Գլազգո:

Սթիվենը զգում է, որ եթե մնար մերսիսայդյան ակումբում, հետագայում առանց մարզչական ինքնուրույն փորձի չէր կարողանա պայքարել Յուրգեն Կլոպի փոխարինողը դառնալու համար.

- Այո, ես անհանգստացած էի ինքնուրույն փորձի բացակայությունից:

Երբ ես եկա այստեղ,  կարծում եմ՝  ԶԼՄ-ները և «Ռեյնջերսում» գտնվող բոլոր մարդիկ հասկացան, որ ես եկել եմ  այս մասնագիտությունը սովորելու համար: Ես դեռ սխալներ եմ գործում և շարունակում եմ  կատարելագործվել: Այնուամենայնիվ, անհնար է սովորել այս աշխատանքը արագացված ռեժիմով: Ամեն ինչ պետք է իր ժամանակին:

Երբ ստացա «Ռեյնջերսի» առաջարկը, ես անհանիգստ էի՝ մտածելով, որ եթե մնամ «Լիվերպուլում», հնարավորություն չեմ ունենա աշխատել գլխավոր թիմի հետ, կամ դա չի լինի այն, ինչ ինձ հարկավոր էր: Կամ գուցե հնարավորությունը ինձ շատ շուտ էր տրվելու, նույնիսկ եթե ես մտածում եմ, որ այդ աշխատանքը իսկը ինձ համար էր ստեղծված: 

Ես չէի ընդունի «Լիվերպուլի» հետ աշխատանքը միայն այն բանի համար, որ Յուրգենը խոսում էր իմ մասին որպես իր՝ հնարավոր հետնորդի: Ես բավականին հասուն եմ, որպեսզի հասկանամ, որ պետք է պատրաստ լինեմ աշխատել «Լիվերպուլի» մակարդակի թիմի հետ:

Եթե ես ևս երկու, երեք կամ չորս տարի մնամ «Ռեյնջերսում»,  լավ կլինի: Դա կնշանակի, որ ես այստեղ երջանիկ եմ ու  լավ եմ կատարում գործս: Ես չեմ շտապում և առաջ չեմ վազում: Ես լիովին բավարարված եմ իմ կարգավիճակից: Եթե ​​Յուրգենը «Լիվերպուլի» կազմում մնա ևս չորս-հինգ տարի, ապա դա հիանալի կլինի:

Եթե Յուրգենից հետո «Լիվերպուլը» որոշի, որ կա մեկ այլ թեկնածու, որն ավելի հարմար է այդ գործին, քան ես, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես պարզապես պետք է փորձեմ լինել որքան հնարավոր է լավը,  և երբ հնարավորություն լինի, առանց վարանելու կարողանամ աշխատել «Լիվերպուլի» հետ: Խնդիր չէ, եթե դա տեղի ունենա երկու  կամ 10 տարի հետո , – Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: