«Անկեղծորեն». Անդրե Աղասիի ինքնակենսագրականի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Երևանի Ազատության հրապարակում, «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի ինքնակենսագրականի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

«Անկեղծորեն». այսպես է խմբագրակազմը թարգմանել թենիսիստի ինքնակենսագրականը, որտեղ Աղասին իր կյանքի և պրոֆեսիոնալ կարիերայի մասին խոսում է առանց գաղտնիքների:

Գիրքն ընթերցելով՝ կիմանաք, թե ինչպես է Աղասին պատմության լավագույն խաղացողներից մեկը դարձել՝ ատելով մարզաձևը: Նուրբ ու գեղեցիկ ոճով ներկայացված են Աղասիի ծանոթությունները կինոաստղ Բրուք Շիլդսի և թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ:

Պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերայի ամբողջ դաժանությունը, հիասթափություն, սթրես և դրանք հաղթահարելու կամքն ու վերադարձը համաշխարհային թենիսի Օլիմպոս. այս ամենը հայերենով փայլուն ներկայացրել են թարգմանչուհի Լուսինե Կոշեցյանն ու խմբագիր Գայանե Գրիգորյանը:

Թարգմանության նախաձեռնողը նախկին թենիսիստ, մարզաձևի նվիրյալ Վիկտոր Ակուլյանն է: Գրքի տպագրությամբ նա միացավ «Ավրորայի» Արարատ Չելենջ շարժմանը, որի նպատակն է մարդասիրական աջակցություն ցուցաբերել ամբողջ աշխարհի բոլոր կարիքավորներին:

Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի «Ավրորայի» կազմակերպած բարեգործությանը: