Ինս. Մանջուկիչը ՄՅՈՒ-ի խնդիրները չի լուծի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Ինսը կարծում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը «Կարմիր սատանաների» խնդիրների լուծման տարբերակը չէ:

Ռոմելու Լուկակին և Ալեքսիս Սանչեսին անցած ամառ վաճառելով և նրանց փոխարեն ոչ մեկի չգնելով՝  «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հարձակման գծի բացերը փորձում է փակել Մարկուս Ռեշֆորդի, Էնթոնի Մարսիալի և Մեյսոն Գրինվուդի միջոցով, որոնք այս մրցաշրջանում ընդամենը երեք գոլ են խփել Պրեմիեր լիգայում:

Սուլշերն արդեն հաստատել է, որ այժմ հարձակվողի ձեռքբերումն առաջնահերթություն է ակումբի համար, սակայն Ինսը նախազգուշացնում է «Յունայթեդին», որ ժամանակավոր լուծումները խնդիրը չեն փակի.

-Չեմ կարծում, որ Մանջուկիչը նրանց խնդիրների լուծման պատասխանն է:

Կարծում եմ, որ հունվարին դուք երբեք չեք կարողանա ձեռք բերել ամենաճիշտ ու խնդիրներ լուծող խաղացողների: Չէ՞ որ ակումբները հիմնականում հունվարին չեն վաճառում իրենց լավագույն խաղացողներին, այնպես որ, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» անգամ որևէ մեկին ձեռք բերի, դա կլինի ժամանակավոր լուծում:

Եթե որոշել ես  շեշտը դնել երիտասարդների վրա, ուրեմն պետք է փնտրես երիտասարդ հարձակվողների, այլ ոչ թե Զլատան Իբրահիմովիչին կամ Մանջուկիչին,- ասել է Ինսը Daily Mirror-ին: