Ալվես. Փարիզը ողջ էներգիադ խլում է

Ժամանակակից ֆուտբոլի ամենատիտղոսակիր խաղացողը խոսել է այն պատճառների մասին, որոնք ստիպեցին նրան լքել ՊՍԺ-ն:

Դանի Ալվեսը խոստովանել է, որ Փարիզում պարբերաբար բախվում էր ռասիզմի խնդրին, որն այսօր այնքան արդիական է.

-Ես բացարձակապես չեմ սիրում Փարիզը: Այս քաղաքը  ստիպում է անընդհատ ապրել սթրեսային վիճակում: Նույնիսկ եթե այստեղ մնաք ընդամենը մեկ շաբաթ, ձեզ կթվա, որ այդ ճանապարհորդությունը մի ամբողջ հավերժություն էր: Ֆրանսիայի մայրաքաղաքը հուզականորեն շատ է ազդում,  ամբողջ էներգիադ խլում է: Բացի այդ,  Փարիզում  ռասիստների մի ամբողջ փունջ կա: Անձամբ ես սպառնալիքներ ու վիրավորանքներ չէի լսում, բայց իմ ընկերները անցել են այդ ծանր ապրումների միջով:

Իսկ եթե  խոսենք Իսպանիայի քաղաքների մասին, որտեղ ես հնարավորություն եմ ունեցել  ապրել և խաղալ` Սևիլյայում և  Բարսելոնայում, ապա այստեղ ամեն ինչ այլ է: Բրազիլիայի նման շատ բան կա այնտեղ: Մարդիկ այստեղ շատ ավելի եռանդուն և ուրախ են, – ասել է Դանի Ալվեսը: