ՖԻՆԼԱՆԴԻԱ – ՀԱՅԱՍՏԱՆ 3-0․ Հեքիաթի վերջում երկնքից երեք խնձոր ընկավ․․․

Մեր հավաքականի գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հաստատեց, որ դժգոհ չէ Լիխտենշտեյնի հետ խաղից։ Թվում էր, թե դա տղաներին վստահություն հաղորդելու համար է, բայց ստացվեց, որ նա իրոք այդպես է մտածում։ Ֆինների հետ դուրս եկավ նույն կազմը ընդամենը մեկ փոփոխությամբ՝ Մարկոսի փոխարեն Արտակ Գրիգորյան։  Համեմատության համար. ֆինները Բոսնիայի հետ խաղի համեմատ կատարել էին 4 փոփոխություն։

Սա մեր հերթական, մեզ բնորոշ խաղ էր, որտեղ հարցերը շատ են, բայց կտանք մի քանիսը․․․

 ԲԱՑԻ եՐԿՈՒ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆՈՎ ԽԱՂԻՑ ՄԵՆՔ ԱՅԼ ԲԱՆ ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵ՞ՆՔ

Ինչու հավաքականը չդիտարկեց երեք կենտրոնական պաշտպանով սխեման։ Իրոք մտածում էիք, որ ոչ քանակային պաշտպանությամբ կարող եք փակե՞լ անթիվ ու անհամար սխալներն ու օղակների մեջ առաջացող անցքերը։  Եթե մենք դուրս էինք եկել հարձակվողական ֆուտբոլ խաղալու իմիտացիա ստեղծելու, ապա ֆիններին դա հասկանալու համար պետք էր դիտել նախորդ խաղի ցանկացած հատված։

ԻՍԿ ԳԻՏԵ՞ՆՔ` ԻՆՉ ԲԱՆ Է ՌՈՏԱՑԻԱՆ

Լավ հասկացանք՝ խաղից գոհ էք, բայց դա ինչ կապ ունի ֆունկցիոնալ վիճակի ու ֆիզիկական պատրաստվածության հետ։ Ունենք իսպանացի ֆիզպատրաստության մարզիչ։ Արդյոք նա՞ էր ասել, որ տղաները փայլուն ֆիզիկական վիճակում են։ Իսկ ինչու է հայտացուցակում 23 ֆուտբոլիստ, եթե չես օգտվում ռոտացիայի պարզ հնարավորությունից։ Ինչու նույն Արարատին հրավիրեցինք, որը գալ-գնալու վրա անցավ 30 հազար կիլիոմետր, բայց չխաղաց նույնիսկ մեկ րոպե։ Արդյոք նա այնքան վատն էր միջակից ցածր խաղ ցուցադրած Համբարձումյանի կամ Հովհաննիսյանի համեմատ։

Ի՞ՆՉ ՏԵՍԱՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Գյուլբուդաղյանցը ժամանակին բոլորի համար ասոցացվում էր մարզիչ, որը մեծ տեղ է տալիս երիտասարդներին։ Մեր երիտասարդներն այս խաղում 180 րոպե ոչինչ չարած Կարապետյանն ու Ղազարյանն էին։ Մյուսը Արամ Հայրապետյանն էր, որն առաջին խաղում մանկական սխալ արեց և միավոր նվիրեցինք գաճաճ թիմին։ Հաստատ գիտեիք, որ նա ցանկացած սխալից հետո հոգեբանական փոսից դժվար է դուրս գալիս։ Արդյոք Բեգլարյանն այդքան վատ վիճակում էր, որ նա հնարավորություն չստացավ։ Ինչ տեսանք արդյունքում՝ Հայաստանի առաջնության ակումբային հավաքական, առանց որևէ խաղային իմաստի։

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Տղաներ, եթե դուք այդքան եք կարողանում, ասեք իմանանք։ Թե չէ հաղթանակներից հետո Ձեզ ամպերի վրայից իջեցնել չի լինում, իսկ պարտություններից հետո մեկ-երկուսն են խիզախություն գտնում մեկնաբանություն տալու համար։ Եթե հաղթանակները մեզ հետ վայելում եք (և նաև մեծ պարգևավճարների տեսքով), ապա բարի եղեք պատասխաններ տալ լիխտենշտեյնյան, ջիբրալթարյան խայտառակությունների համար։

Իսկ երկրպագուներին՝ սովորեք հանգիստ տանել պարտությունները, դա օրինաչափություն է։ Իսկ եթե ինքներդ անհասանելի երազանքներ ունեք, ապա այս օրերին էլ պատրաստ եղեք։

ԻՆՉ Է ՄԵԶ ՍՊԱՍՈՒՄ

Գրեթե կասկած չկա, որ Գյուլբուդաղյանցը կհեռացվի (կամ կհեռանա, դա էական չէ)։ Գլխավոր մեղավոր նա կհռչակվի (միգուցե այդպես էլ կա)։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ կհնչեն նաև ՀՖՖ նախագահի հեռանալու կոչեր։ Այսպիսին է մեր փակ շրջանը։ Մեզ դրայվ է պետք, կփակենք այս էջը, կբացենք նորը, կթվա որ նախորդ սխալներն արդեն անցյալում են։