Արմեն Գյուլբուդաղյանցը` ֆինների հետ խաղից առաջ. «Մի մարդու նման պատրաստ ենք մեծ պայքարի»

Ֆինլանդիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով ինչպես անցած խաղին, այնպես էլ վաղը կայանալիք հանդիպմանը: Հայ մասնագետին կրկին խոսեց այն մասին, թե ինչ է նշանակում Հայաստանի ընտրանու համար խաղալ առանց Հենրիխ Մխիթարյանի, որը վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին: Մարզիչը նկատեց, որ Հենոն հավաքականի ամենակարևոր խաղացողն է և հույս հայտնեց, որ կկարողանան համախմբվել ու խաղալ հաղթանակի համար: 

«Լիխտենշտեյնի խաղին մրցակիցը շատ խորն էր պաշտպանվում, մեզ համար գործը դժվարացավ:  Մրցակիցը երեք անգամ է մոտեցել մեր դարպասին ու մեկ դեպքում գոլ խփել: Կփորձենք վաղը ագրեսիվ խաղալ, մեր լավագույն խաղը ցույց տալ: Հավատում եմ, որ տղաները ցույց կտան իրենց լավագույն որակները և կհասնենք հաջողության»:

«Կարևորությունը շատ-շատ մեծ է: Եթե հանգիստ նստեք խաղը նայեք առանց էմոցիաների, ապա կտեսնեք, որ առաջին կեսում շատ լավ կոմբինացիաներ էր ստացվում աջ կողմից, շատ գոլային պահեր ստեղծեցինք: Ճիշտ է, վերջին հարվածը, վերջին փոխանցումը չէր ստացվում, բայց ամբողջ խաղի վերահսկումը մեր ձեռքն էր: Գոլը բաց թողեցինք, դրանից հետո մի փոքր սկսեցինք շտապել: Խորն էին պաշտպանվում, դժվար էր: Մոռացել ենք այդ խաղը, պատրաստվում ենք Ֆինլանդիայի հետ հանդիպմանը»:

«Թիմը հոգեբանորեն այդքան էլ ընկճված չէ, դեռ հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը: Կփորձենք մեր լավագույն խաղը խաղալ: Արտակ Գրիգորյանը երեկ մարզվեց, այսօրվա մարզումից հետո պարզ կլինի կկարողանա մասնակցել վաղվա խաղին, թե` ոչ:

«Նվիրվածության ու ցանկության պակաս չի եղել, մի քանի խաղացողի մոտ խաղը չստացվեց, բայց այդպես լինում է: Ուզում էինք, որ ավելի լավ լիներ: Կրկնում եմ` արդեն անցյալում է այդ խաղը: Մխիթարյանն անընդհատ կապի մեջ է, ինձ հետ էլ է զրուցել: Թիմի կողքին է ու դա մեզ ուժ է տալիս»:

«Մարզման ժամանակ Միրանյանը վնասվածք է ստացել: Դժվար թե վաղը նա լինի հայտացուցակում, վնասվածքը մի փոքր ծանր է»:

«Բոլորն էլ պատրաստ են, բացի վնասվածք ունեցող տղաներից: Բոլորս մի մարդու նման պատրաստ ենք մեծ պայքարի»: