ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ – ՀԱՅԱՍՏԱՆ՝ 1:1․ Չկա Մխիթարյան, դառնում ենք գավառական նվագախումբ

Եկեք այս տղաներին չասենք, որ ինչ-որ բանի հնարավորություն ունեն։ Եկեք ինքներս էլ անհասկանալի սցենարներ չմշակենք, թե ինչպես կարող ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճենք։

Ի սկզբանե պետք է հասկանալ, որ մնում ենք անհասկանալի թիմ, որ կարող է ընտրականում մի քանի լավ հանդիպում անցկացնել, բայց մնալ միշտ նույնը՝ էական չէ 3-րդը, 4-րդը թե վերջինը։

Այո, այո, սա դեժավյու է

Գյուլբուդաղյանցը շատ լավ էր հիշում Ազգերի լիգայի խաղարկության Ջիբրալթարի հետ տնային խաղը։ Մակեդոնիայի հետ ճակատամարտից առաջ մենք պարտվեցինք և զրկվեցինք ամեն ինչից։ Պատմությունը կրկնվում է․․․

Այս հավաքականը եղել և մնում է մեկ ֆուտբոլիստի թիմ, բայց եթե լիխտենշտեյներին էլ առանց նրա չենք կարողանում հաղթել, ինչ մեծամեծ բարձունքներից ենք խոսում։ Այս հավաքականը այդպես էլ չունեցավ երկրորդ առաջատարը։

Ինչ ես անում Հայրապետյան

Որևէ ամբիցիաներով ոչ թոփ հավաքական գիտե՞ք, որի դարպասապահը խաղում է ներքին առաջնությունում։ Դա մեր հավաքականի, առաջնության հայելին է։ Հայրապետյանը բազմաթիվ խաղերում փրկել է, բայց զուգահեռ արել անթիվ մանկական սխալներ։ Այսօր հերթական սխալի օրն էր։

Բայց արդյոք միակ մեղավորը նա էր։ Անշուշտ՝ ոչ։ Ի՞նչ էր անում 86 րոպե Գևորգ Ղազարյանը, քանի՞ անգամ Համբարձումյանը մոռացավ պաշտպանության մասին։ Ի՞նչ էր անում Կարապետյանը, Ադամյանն էլ դեռ մյունխենյան էյֆորիայի մեջ էր։

Ասելու շատ բան կա, բայց արդյոք իմաստ կա՞:

Հիմա հաստատ` ոչ։