Անգլիայի հավաքականը կհեռանա խաղադաշտից, եթե ռասիստական վիրավորանքներ հնչեն

Անգլիայի հավաքականը որոշել է  հեռանալ խաղադաշտից, եթե խաղացողներից որևէ մեկը տրիբունաներից ենթարկվի ռասիստական ​​վիրավորանքի:

Հոկտեմբերի 11-ին և 14-ին անգլիացիները կանցկացնեն երկու արտագնա հանդիպում Եվրո-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում՝ համապատասխանաբար Չեխիայի և Բուլղարիայի դեմ:

Մասնավորապես «Երեք առյուծների» համար մեծ վտանգ են ներկայացում Սոֆիայի տեղացի երկրպագուները: Ի դեպ, այս տարվա սկզբին ՈւԵՖԱ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ երկրպագուների կողմից ռասիզմի դրսևորումների համար:

Sky Sports- ի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հանդիպում է անցկացրել իր խաղացողների հետ՝ քննարկելու տրիբունաներից ռասիստական արտահայտությունների դեմ պայքարելու ռազմավարությունը:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները միաձայն որոշեցին, որ ամենալավ քայլն այն կլինի, եթե նման դեպքում լքեն խաղադաշտը, բայց միևնույն ժամանակ Սաութգեյթի սաները պատրաստվում են խստորեն հետևել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգին: Ըստ որի՝ ցանկացած խաղացող, ով խաղի ընթացքում ռասիստական ​​վիրավորանք է ստանում, նախ պետք է այդ մասին տեղեկացնի իր թիմի ավագին, վերջինս էլ՝ մրցավարին:

Այնուհետև մրցավարը պետք է դադարեցնի խաղը և հաղորդավարին խնդրի նախազգուշացումով հայտարարություն անել մարզադաշտում: Եթե ​​դա չի օգնում, ապա մրցավարական անձնակազմը մարզչական շտաբների և խաղացողների համաձայնությամբ կարող է թիմերին դուրս բերել խաղադաշտից: