Դե Լիխտ. Սարին չի ստիպել հատուկ սննդակարգի հետևել

Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ստիպել է Մաթեյս Դե Լիխտին հատուկ սննդակարգի հետևել, քանի որ հոլանդացին չափազանց շատ է ճարպեր կուտակել: Սակայն ֆուտբոլիստը հերքել է այդ լուրերը.
-Այն լուրերը, թե իբր Սարին ստիպել է ինձ հատուկ սննդակարգի հետևել, սուտ են: Բայց ես զարմացած չեմ: Երբեմն ես մտածում եմ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Իմ կարծիքով ես լավ խաղ եմ ցուցադրում, բայց հետո պարզվում է, որ այն բավարար չափով լավը չէր: Դե, դրանք պարզապես կարծիքներ են: Ինքս ինձ համար պետք է իմանամ, թե ինչ եմ ճիշտ արել, ինչը` ոչ, և ես դա շատ լավ գիտեմ:
Յուրաքանչյուր նորեկ ժամանակ պետք է ունենա ակումբում հարմարվելու համար: «Յուվենտուսում» արդեն իսկ կային երկու հիանալի կենտրոնականներ՝ Չելլինին և Բոնուչին: Գաղափարն այն էր, որ կամաց-կամաց փոփոխություն մտցվի կազմի մեջ: Ես այլ կերպ էի խաղում «Այաքսի» կազմում: Բայց այն, որ ի սկզբանե ես սկսեցի հիմնական կազմում խաղալ, դա հիանալի մարտահրավեր դարձավ ինձ համար,- ասել է դե Լիխտը: