Հենրիխ Մխիթարյանը` «Ռոմայում» իր դերի, Ֆոնսեկայի, Հռոմ տեղափոխվելու, «Արսենալի», Բաքու չմեկնելու, Ստամբուլ մեկնելու և մի շարք այլ թեմաների մասին

Հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հռոմի «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով մի շարք հարցերի: 

- Ուրախ եմ այստեղ լինելու համար: Դժվար ժամանակներ եմ ունեցել, բայց հիմա նոր փուլ է սկսկվում: Գիտեմ, թե ինչ նպատակ ունի ակումբը և կօգնեմ հասնել դրանց: 

- Խաղային ո՞ր դիրքում կարող եք ամենաօգտակարը կլինեք «Ռոմայում»:

- Հարձակման գծի բոլոր գոտիներում կարող եմ գործել: Ամենակարևորը` լինել օգտակար, մեծ տարբերություն չկա:

- Իտալիայի ու Բոսնիայի հետ խաղերում հասցրել եք հանդիպել ձեր նոր թիմակիցներին: Խոսե՞լ եք նրանց հետ:

- Տեսել եմ իմ հին «մրցակիցներին»: Հասցրել ենք նույնիսկ մի քանի բառ փոխանակել կապված վերջին երկու խաղի հետ, բայց հավաքականների խաղերն արդեն անցյալում են:

- Բոսնիայի հետ խաղում երկու գոլ խփեցիք, բայց վերջին երկու տարում քիչ գոլեր եք խփել Պրեմիեր լիգայում: Ի՞նչ է ձեզ պակասում ավելի արդյունավետ գործելու համար:

- Հավաքականում գործում եմ կենտրոնական հարձակվողի թիկունքում, ավելի շատ եմ ազատություն ստանում: Պետք է լինեմ այդտեղ գոլ խփելու համար: Պրեմիեր լիգայում խաղում էի ավելի խորքից, ես պետք է հաղթահարեի տարածությունը կիսապաշտպանության ու հարձակման միջև: Հնարավոր է` պատճառը դա է, բայց իմ նպատակն է խփել գոլեր ու կատարել գոլային փոխանցումներ:

- Ձեր կարիերան ծաղկեց «Շախտյորում»: Հետևել ես արդյոք Ֆոնսեկայի աշխատանքին ուկրաինական թիմում: 

- Այո, ես հետևել եմ նրանց: Նրանք խաղում էին դիտարժան ֆուտբոլ: Զարմացած էի, որ թիմը չէր վախենում մեծ անուններից նույնիսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հուսով եմ` մարզիչը կկարողանա նույնն անել նաև այստեղ:

- «Ռոմայի» երկրպագուներից հաղորդագրություններ ստացե՞լ եք: Զգո՞ւմ եք ճնշում:

- Հավաքականի վերջին երկու խաղից հետո ստացած հաղորդագրություններն ինձ ուրախացրին, բայց հիմա ես պետք է կենտրոնանամ «Ռոմայի» խաղերի վրա: Երբեք չեմ հանձնվի և կպայքարեմ մինչև վերջ: Ճնշումից չեմ վախենում, սովոր եմ խաղալ ուժեղ թիմերի հետ: Գիտեմ, որ նույնիսկ չնչին սխալի դեպքում քննադատում են, մինչդեռ հակառակ պատկերն է, երբ լավ արդյունք է լինում: Եթե դուք որոշել եք խաղալ ֆուտբոլ, ապա պետք է պատրաստ լինեք դրան: Սերիա «А»-ում խաղալը հիանալի հնարավորություն է ու մարտահրավեր, որն ես ընդունեցի մեծ ցանկությամբ: Մենք նույնիսկ գումարի մասին չենք խոսել:

- Ուզո՞ւմ եք վերադառնալ Պրեմիեր լիգա, թե Իտալիան կարող է դառնալ ձեր կարիերայի վերջին կետը: 

- Հիմա գտնվում եմ Հռոմում և կենտրոնացախ եմ Սերիա «А»-ի վրա: Սա հետ քայլ չէ, քանի որ այստեղ հիանալի ֆուտբոլ են խաղում: Ուզում էի փոխել մթնոլորտը և ինձ համար սա լավ հնարավորություն էր: Ես պետք է հաճույք ստանամ ֆուտբոլից անկախ նրանից, թե որտեղ եմ: Անգլիայում ես այդ հաճույքն արդեն չէի ստանում: 

- Ձեզ դո՞ւր է գալիս VAR համակարգը: Այն կարող էր օգնել ձեր թիմակցին Իտալիայի հետ խաղում:

- Կան իրավիճակներ, որոնցում այն կարող է օգնել, իսկ այլ իրավիճակներում` ոչ, որովհետև ընկնում է խաղի ռիթմը: Տոնում ես գոլը, հետո այն չեղարկում են: Չգիտես` տոնես, թե` ոչ: Այո, դա կարող էր օգնել, որ թիմակիցս չհեռացվեր, բայց մենք ընդունում ենք նաև մրցավարների սխալները:

- «Ռոմայի» երկրպագուները խելագարվել էին` տեսնելով Ձեր խաղը հավաքականի կազմում: Ինչո՞ւ «Արսենալը» բաց թողեց Ձեզ:

- Բարդ հարց է, պետք է հարցնեք «Արսենալի» ղեկավարներին: Ես շատ խաղաժամանակ չէի ստանում, առաջին երկու խաղի ընթացքում մնացի պահեստայինների նստարանին, իսկ Հռոմում խաղալու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Առաջին հերթին իմ ցանկությունն էր տեղափոխվել: Գիտեի, որ Հռոմ գալով խաղալու ավելի շատ շանս կունենամ: Չեմ կարծում, որ «Արսենալը» հեշտությամբ է ինձ բաց թողել, սակայն ես այստեղ առաջին հերթին շնորհիվ Պետրաչիի ու իմ գործակալ Ռայոլայի:

- Ամիսներ առաջ Դուք բաց թողեցիք Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչը, որը կայացավ Բաքվում: Կարծում եք կբախվե՞ք նման խնդրի Ստամբուլ մեկնելիս:

- Ոչ, խնդիրներ չեն լինի: Ես արդեն մի քանի անգամ խաղացել եմ Թուրքիայում: Խնդիրները տարբեր են: Հայաստանի ու Թուրքիայի միջև պատմությունն արդեն անցյալում է:

- Ձեզ ժամանակ է պե՞տք Իտալիային հարմարվելու համար:

- Երբ տեղափոխվում էի Գերմանիա, իսկ հետո Անգլիա, երիտասարդ էի: Հիմա ավելի փորձառու եմ և ես կկարողանամ արագ հարմարվել:

- Զրուցե՞լ եք Ֆոնսեկայի հետ: Կիրակի օրը կարո՞ղ եք հայտնվել մեկնարկային կազմում:

- Այո, արդեն զրուցել ենք այդ մասին: Վստահ չեմ, որ կխաղամ, որովհետև ես դեռ պետք է առաջին լիարժեք մարզում անցկացնեմ: Մնացել է 4-5 օր: Որոշումը պետք է կայացնի Ֆոնսեկան: Չեմ պատրաստվում ժամանակ կորցնել: