Ռամոս. Ուզում եմ 200 հանդիպում անցկացնել Ազգային հավաքականում

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը Ֆարերյան կղզիների թիմին (4:0) պարտության մատնելուց հետո պատմել է, թե քանի հանդիպում է ցանկանում անցկացնել իր ազգային թիմի համար:
Ռամոսն այդ խաղում Ազգային հավաքականի կազմում անցկացրեց իր 167-րդ հանդիպումը. այս ցուցանիշով նա հավասարվեց  ռեկորդակիր Իկեր Կասիլյասին.

-Ռեկորդները նրա համար են, որպեսզի դրանք գերազանցես: Հուսով եմ, որ վնասվածքներ չլինելու դեպքում ես կարող եմ ավելի մեծ ցուցանիշ ունենալ: Իմ նպատակն է հատել 200 հանդիպումների սահմանը,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo- ն:

33-ամյա Ռամոսը 2005 թվականից խաղում է Իսպանիայի հավաքականի կազմում և 167 խաղում դարձել է  21 գոլի հեղինակ: Ազգային հավաքականում ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2008 և 2012 թվականներին, իսկ 2010-ին նվաճել է Աշխարհի գավաթը: