Հայաստան – Բոսնիա 4:2. football365.am-ի գնահատականները

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Բոսնիային 4:2 հաշվով: Նշենք, որ գնահատականներում շատ խիստ չենք մոտեցել, մասնավորապես խոսքը վերաբերում է պաշտպանական գծի տղաներին:

Արամ Հայրապետյան` 8 – Գյուլբուդաղյանցն էլ նշեց խաղից հետո, որ եթե չլիներ Արամի հուսալի խաղը, հավաքականը չէր հաղթի: Ավելին, միանշանակ կհամարվեր լավագույնը Հայաստանի կազմում, եթե չլիներ Հենրիխ Մխիթարյանը:

Վարազդատ Հարոյան` 7 – Դժվար է անթերի հանդիպում անցկացնել, եթե մրցակիցդ Էդին Ջեկոն է, սակայն դա չի նշանակում, որ պետք է բացել դռները նրա առջև: 

Հայկ Իշխանյան` 6 -  Չալեշիրին էր փոխարինել պաշտպանության կենտրոնում ու բազմիցս թերացավ իր բուն պարտականությունները կատարելիս:

Կառլեն Մկրտչյան` 7 – Մրցակիցը հիմնականում սպառնում էր եզրերից, սակայն կենտրոնական հատվածում էլ ամեն ինչ կատարյալ վիճակում չէր: Խաղաց այնքան, որքան թույլ տվեց մրցակիցն, աշխատեց այնպես, որքան թույլ է տալիս նրա ներկայիս վիճակը:

Գևորգ Ղազարյան` 7 – Մի քանի դրվագում կարող էր ավելի ճիշտ որոշումներ կայացնել, հատկապես, երկրորդ կեսում: Այնքան էլ ակտիվ չէր, փորձում էր թիկունքում օգնել: 

Տիգրան Բարսեղյան` 7 - Այսքան բարձր գնահատական ենք տվել միայն երրորդ գոլի ժամանակ Հենոյին կատարած փոխանցման համար: Երկրորդ կեսում շատ հարվածներ կատարեց, սակայն մեկը միայն դիպուկ ստացվեց: Շատ էր սխալվում կենտրոնում ու արդյունքում մրցակիցը վտանգավոր հակագրոգներ էր կազմակերպում:

Կամո Հովհաննիսյան` 7 - Այս անգամ ավելի շատ զբաղված էր խաղով թիկունքում, քիչ էր միանում գրոհներին

Հենրիխ Մխիթարյան` 9 - Լավագույնը հավաքականի կազմում. երեք գոլ, մեկ գոլային:

Հովհաննես Համբարձումյան` 7 - Բացերը թիկունքում շատ էին, բաց թողած գոլերի ժամանակ փոխանցումները հենց նրա եզրից էին: Ավելի ակտիվ էր, քան Կամոն իր եզրում: Խփեց երրորդ գոլը և թերևս դրա համար է ստանում նման գնահատական:

Ռումյան Հովսեփյան` 7 - Մեկնարկային կազմում էր, սխալներ կային, բայց ընդհանուր առմամբ վատ չէր:

Սարգիս Ադամյան` 7 - Վերջապես ժամանակն է, որպեսզի ցուցադրի այն, ինչ սպասում են նրանից: Եթե նման հաղթանակ չգրանցվեր, գնահատականը բավականին ցածր կլիներ: