Մխիթարյան. Հիանալի հնարավորություն նոր էջ սկսելու համար

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել իտալական ակումբի պաշտոնական կայքին.

- Ինձ համար սա հիանալի հնարավորություն է նոր էջ սկսելու համար: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին: Սկզբում իմ տեղափոխությունը պարզապես խոսակցությունների մակարդակով էր, իսկ հետո ամեն ինչ նյութականացավ. ես մտածեցի այս ամենի մասին և որոշեցի տեղափոխվել Հռոմ:

Գոլեր խփելն ինձ ստիպում է լավ զգալ, բայց թիմին օգնել արդյունավետ փոխանցումներ կատարել՝ նույնպես կարևոր է: Իսկ ամենակարևորն, իհարկե, հաղթելն է: Մենք հաճախ ենք լսում, որ գոլային փոխանցումներն ավելի կարևոր են, քան բուն գոլ խփելը:

Անհամբերությամբ սպասում եմ Ֆոնսեկայի հետ աշխատելուն. ես տեսել եմ նրա նախկին թիմերի աշխատանքը և շատ եմ հավանել նրան: Հուսով եմ, որ նա կկարողանա իր գաղափարները փոխանցել «Ռոմային»: Ես դեռ չեմ խոսել նրա հետ և լավ չգիտեմ նրա ոճը կամ փիլիսոփայությունը: Սակայն մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, որ նա կարող է շատ օգնել ակումբին: Ես նաև դեռ չեմ հանդիպել նոր թիմակիցներիս, բայց վստահ եմ, որ նրանք հավակնոտ են և իրենց  հնարավորությունների առավելագույն չափով են հանդես գալու: Բայց մենք չենք կարողանա հնարավոր ամեն ինչ անել առանց մեր երկրպագուների, այնպես որ մենք պետք է  միասնական լինենք: