«Սաբուրտալո» – «Արարատ-Արմենիա» խաղից առաջ արդարացումների, կիսատ, ստացված ու չստացված բաների, սպասելիքների ու այլ թեմաների մասին

«Սաբուրտալոյի» գլխավոր մարզիչ Գիորգի Չիաբրիշվիլին նշել է, որ եթե հնարավորություն ունենային` կրկին որպես մրցակիցներ կընտրեին նրանց, որոնք իրենց բաժին են հասել վիճակահանության արդյունքում: Պարզ, կոնկրետ, առանց որևէ բառախաղի: Մարդիկ հասկանում են, որ նման հնարավորություն ամեն օր չեն ունենալու և բաց տեքստով ասում են, որ գոհ են ոչ միայն վիճակահանությունից, այլ նաև պատրաստ են պայքարել խմբային փուլ դուրս գալու համար: Պատահական չէ, որ վրացական թիմի մասնակցությամբ առաջնության խաղերը հետաձգվել են և «Սաբուրտալոն» ամբողջությամբ կենտրոնացել է եվրագավաթային խաղարկությունների վրա:

Արդարացումներ

Որքա՞ն է հավանական, որ հաջորդ խաղարկությունում թիմին կհաջողվի հասնել որակավորման երրորդ փուլ, իսկ այնտեղ նրան բաժին կհասնի հայկական թիմ` խաղակցվածության հետ կապված բացերով ու խաղային պրակտիկայի պակասով: Եթե սխալվում ենք` կարող եք ուղղել, բայց Վարդան Մինասյանի ասուլիսներից այլ եզրահանգում դժվար է անել:

Ու՞մ համար է գաղտնի, որ եվրագավաթային խաղարկությունները հայկական թիմերի համար մեկնարկում են հուլիսին, այլ ոչ թե, օրինակ, նոյեմբերին: Խաղակցվածության հետ կապված արդարացումներն «Արարատ-Արմենիայի» մասով այս փուլում այնքանով են անընդունելի, որ դա շարունակական գործընթաց է և նույնը կարելի է ասել նաև գալիք մարտ ամսին հատկապես անհաջող շարքից հետո: Եթե Մինասյանը որպես անհաջողության պատճառ նշի խաղակցվածության գործոնը, ապա ո՞վ կարող է հակառակը պնդել ու հիմնավորել: Նման իրավիճակներում որքան էլ խոցելի են մարզիչները, այդքան էլ նախընտրելի դիրքում են, քանի որ, ի տարբերություն հակառակը պնդողների, հենց է մարզիչն է ներսում ու նրանից լավ թերևս իրավիճակին ոչ ոք չի տիրապետում, առավել ևս, երբ խոսքը փորձառու մասնագետի մասին է:

Մյուս կողմից ու՞մ է հետաքրքիր մարզիչների նմանօրինակ արդարացումներն ու պատճառները, թե ինչու սա այսպես, կամ նա այնպես: Միթե՞ կա մեկը Հայաստանում, որը դրանց կարիքն ունի, իսկ ահա արդյունք պետք է ու հենց այդ ծարավի, մրցակիցների մակարդակի, վիճակահանության ու «մենք պատրաստ ենք» նախախաղային պնդումների ֆոնին են անընդունելի արդարացումները:

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչին էին պատրաստ` հաշվի առնելով նորեկների քանակը, խաղակցվածության խնդիրը, խաղային պրակտիկայի ու փորձի պակասը և այլն: Երևանյան մրցավեճից հետո Վարդան Մինասյանը նշեց, որ առաջին կեսում արեցին այն, ինչ մտածել էին, իսկ երկրորդ կեսի միջնամասում ֆունկցիոնալ վիճակի հետ կապված խնդիրներ առաջ եկան, մեկը մեկի դեմ սկսեցին զիջել ու մրցակիցը գոլեր խփեց, մի փոքր փորձը չհերիքեց, ֆունկցիոնալ վիճակը, որովհետև մրցակիցն իր երկրի առաջնությանն է մասնակցում ու տոնուսի մեջ էր:

Ֆունկցիոնալ վիճակ, ֆիզիկական պատրաստվածություն

Ֆունկցիոնալ վիճակի մասով Վարդան Մինասյանը, երևի, ֆիզիկական պատրաստվածությունն ի նկատի ուներ, քանի որ դրանք մի փոքր տարբեր բաներ են, առավել ևս որ «Արարատ-Արմենիան» անցած մրցաշրջանի ավարտից հետո վերսկսել է մարզումները հունիսի 11-ից, հավաք է անցկացրել Բելառուսում ու մինչև «Սաբուրտալոյի» հետ երևանյան մրցավեճը ընդհանուր հաշվով անցկացրել էր 7 հանդիպում` երեքն ընկերական, չորսը պաշտոնական: Վրացական թիմի ու «Գանձասարի» հետ խաղն էլ հաշվի առած թիմն արդեն 9 հանդիպում է անցկացրել` վեցը պաշտոնական: Նկատենք, որ Վրաստանի չեմպիոնն առաջնությունում վերջին հանդիպումն անցկացրել է հուլիսի 2-ին «Ռուստավիի» հետ, որից հետո նրա մասնակցությամբ խաղերը հետաձգվել են: Առաջնության խաղն էլ հաշվի առած` «Սաբուրտալոն» այս ընթացքում անցկացրել է 6 հանդիպում. մեկն առաջնությունում, չորսը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, մեկը Եվրոպայի լիգայի խաղարկությունում:

Կադրային խնդիրներ

Հատկանշական է, որ Երևանում կայացած խաղին հյուրերի կազմում չէր թիմի առանցքային խաղացողներից Վագները, ինչը մեծ կորուստ էր «Սաբուրտալոյի» հետ: Թիմից հեռացել էր հարձակվողներից մեկը, իսկ մարզիչը ստիպված էր ոչ միայն վերադասավորումներ անել, այլ լուծումներ գտնել բացերը լրացնելու համար, հատկապես, խոսքը վերաբերում է աջ եզրին: Լեգեոներներից Գուին նույնպես դեռ լիովին չի ապաքինվել: Մի խոսքով, խնդիրներ կան Չիաբրիշվիլիի գլխավորած թիմի ճամբարում ու դա միանշանակ խոսում է մրցակցի օգտին:

Ինչ վերաբերում է մրցակիցներից մեկին` «Արարատ-Արմենիային», ապա այս մասով թիմն ավելի նախընտրելի դիրքում է, քանի որ վնասվածք ունեցող խաղացողներ չկան ու ինչպես Մինասյանն է պնդում, ունի հավասարազոր խաղացողներ բոլոր դիրքերում: Ավելին, պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ երևանյան խաղի համեմատ փոփոխություններ են լինելու: Սպասելի էր:

Փորձի պակասը

Ինչպես «Արարատ-Արմենիան», այնպես էլ «Սաբուրտալոն» իրենց գոյության ընթացքում առաջին անգամ մասնակցեցին Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Եթե չլիներ Ռոլովիչի դիպուկ հարվածը «Շերիֆի» հետ պատասխան խաղում, ապա գուցե այս թիմերը չհանդիպեին միմյանց: Մյուս կողմից, դա այն հանդիպումն էր, որը ցույց տվեց, թե ինչպես է պետք կոտրել վրացիների մեջքը, իսկ հաջորդ փուլում Զագրեբի «Դինամոն» ի ցույց դրեց «փորձառու ու խաղակցված վրացական մեքենայի» բոլոր խնդիրները:

Կիսատ բաներ

Նախքան վրացիների հետ հանդիպելը, Վարդան Մինասյանը մի քանի անգամ հասցրեց նկատել, որ իր թիմը, հատկապես, երկրորդ կեսերում բաներ կա` կիսատ է անում: «Սաբուրտալոյի» հետ խաղից հետո, Վարդան Մինասյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու է իր գլխավորած թիմը վատ խաղում երկրորդ խաղակեսերում, շտապեց նկատել, որ նման բան չկա, այլ պարզապես գոլային պահերն օգտագործելու խնդիր է եղել: Դրանից հետո Մինասյանին հակադարձող չեղավ ու չէր էլ կարող լինել` ելնելով վերոգրյալից: Գրեթե վստահ ենք, որ ավելի հանգիստ պայմաններում մարզիչը նույնիսկ կկարողանար ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը, սակայն հաճախ մոռանում ենք, որ դրանից առաջ անցկացրած չորս խաղից երկուսում մրցակիցները մեկ խաղակեսից ավելի խաղացել է տասը ֆուտբոլիստով, բայց նույնիսկ դրանից հետո մարզիչը կիսատ բաներ էր նկատում իր թիմի գործողություններում: Շատ լավ:

Կիսատ բաներ

Ինչ պետք է աներ «Արարատ-Արմենիան» առավելությամբ Թբիլիսի մեկնելու համար: Իհարկե, գոլեր խփել: Ավելի շատ, քան` մրցակիցը: Եթե հավատանք Մինասյանին, որ Հայաստանի չեմպիոնի ծրագիրը կապված առաջին կեսի հետ աշխատել է, ապա մնում էր 45+ րոպե գործը ցանկալի ավարտին հասցնելու համար: Ինչպես Մինասյանն է սիրում կրկնել, ինքն իր թիմի կազմն ընտրում է, խաղն էլ կառուցում է ելնելով խաղից, մրցակցի ուժեղ ու թույլ կողմերից, մրցավայրից: Այսինքն այդ ամենը հաշվի առնելով էր մարզիչը մշակել խաղի ծրագիրը: Եթե առաջին կեսը գնացել էր ըստ ծրագրածի, ապա ինչը խանգարեց թիմին երկրորդ կեսում, երբ խաղացողները, ըստ Մինասյանի, առաջին հերթին սկսեցին պարտվել մեկը մեկի դեմ պայքարում: Եթե առաջինի հետ կապվածն աշխատել էր, մնում էր շարունակել: Թե որն էր շարունակությունը` չիմացանք, փոխարենը լսեցինք թե ինչն օգնեց մրցակցին գոլեր խփել: Այսինքն, եթե արարատցիները չպարտվեին մեկը մեկի դեմ, ապա ամեն ինչ լավ կավարտվեր: Ստացվում է` երևանցիները մրցակցին սկսել են զիջել ֆիզիկական պատրաստվածությամբ: Ասել է, թե թիմը շուտ է հոգնել` թույլ տալով սխալներ: Ստացվում է` ճիշտ չի բաշխել ուժերը ամբողջ խաղին դիմանալու համար, շատ էներգիա է ծախսել առաջին կեսում, հետևաբար առաջին կեսն էլ չի ընթացել ըստ ծրագրածի: Արդյունքի մասով, գուցե, այո, բայց խաղը բաղկացած է երկու կեսերից:  Չէ, որ երկրորդ կեսում դու սկսում ես կառուցել քո խաղը` ելնելով առաջինում տեղի ունեցած իրադարձություններից` չմոռանալով նաև մրցակցի մասին, որն իր հերթին իր խաղային ծրագիրն ունի և որի ուժեղ ու թույլ կողմերն օգտագործելով էր նաև Մինասյանի թիմը կյանքի կոչել առաջին կեսի հետ կապված ծրագիրը: Իսկ երկրորդ կեսի հետ կապվա՞ծ…

Ինչ պետք էր անել և ինչը չստացվեց

Ելնելով նրանից, որ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում, երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» գործը ավարտին հասցնելու մի քանի տարբերակ ուներ. պահել հաշիվը, գոլ բաց չթողնել ու զարգացնել հաջողությունը, խփել մրցակցից ավելի շատ: Չստացվեց ոչ մեկը, ոչ մյուսը…

«Պատրաստ ենք»

Պատասխան խաղից առաջ է ասել Վարդան Մինասյանը: Մնում է հասկանալ, թե ինչին են պատրաստ: Մարզիչը հույս է հայտնել, որ խաղում տատանումներ չեն լինի ու 90 րոպե կկարողանան պահպանել բարձր տեմպը։ Փորձելու են հավասակշռված ֆուտբոլ ցուցադրել և նայել խաղի ընթացքին։ Ըստ նրա` միշտ պետք է հետևել խաղի սցենարին և ըստ դրա փոփոխություններ մտցնել խաղում, իսկ մեզ մնում է միայն սպասել:

Լուսանկարները` «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջի