Մոուրինյո. Մխիթարյան, Օզիլ, Սեբալյոս… բոլորն էլ նույն որակներն ունեն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել «Արսենալի» նորեկների մասին: «Զինագործներն» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ունեցան վեց նոր խաղացող (Նիկոլա Պեպե, Դանի Սեբալյոս, Դավիդ Լուիս, Կիրան Թյորնի, Գաբրիել Մարտինելի և Ուիլյամ Սալիբա): Հիշեցնենք, որ ակումբի համար ամենաթանկարժեք ձեռքբերումը Նիկոլա Պեպեն էր, որը 72 մլն ֆունտով «Լիլլից» տեղափոխվեց «Արսենալ»: Ժոզե Մոուրինյոն, ով պայմանագիր է կնքել Sky Sports-ի հետ, որպես հեռուստատեսային փորձագետ (մինչև մրցաշրջանի ավարտը), կարծում է, որ Պեպեն ժամանակի կարիք ունի.

-Անցած տարի, երբ պաշտոնանկ արվեցի, չէի ցանկանում շատ մնալ Անգլիայում, այնպես որ տարբեր խաղերի շատ եմ հետևել, այդ թվում՝ «Լիլլի» ելույթները: Պեպեն  տաղանդավոր ֆուտբոլիստ է և ապագայում կարող է «Արսենալի» համար շատ կարևոր ֆուտբոլիստ դառնալ: Պարզապես պետք է հասկանալ, որ Անգլիա տեղափոխվող ցանկացած խաղացողի անվան դիմաց ադապտացիայի հետ կապված միշտ հարցական նշան է դրված: Բայց, իհարկե, որպես տաղանդավոր երիտասարդ, նա մեծ ձեռքբերում է «Արսենալի» համար:

Ինչ վերաբերում է Սեբալյոսին, լավ ֆուտբոլիստ է, բայց թիմում արդեն այլ Սեբալյոսներ կային: Երբ դիտում եմ Մխիթարյանին, Օզիլին, Սեբալյոսին, նրանք ի զորու են տարբեր դիրքերում խաղալ, բայց բոլորն էլ ունեն նույն որակները,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Sun-ը: