ՊՍԺ-ն իր պաշտոնական խանութից հանել է Նեյմարի հետ առնչվող բոլոր ապրանքները

ՊՍԺ-ն իր պաշտոնական խանութից հանել է այն բոլոր ապրանքները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հարձակվող Նեյմարի հետ: Ըստ ԶԼՄ-ների` դա պայմանավորված է նրանով, որ բրազիլացի ֆուտբոլիստը շփման մեջ է «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ հնարավոր տեղափոխության  վերաբերյալ: Հիշեցնենք, որ Իսպանիայում և Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 2-ը:

Ըստ այդմ Նեյմարի՝ ակումբը լքելու խոսակցությունները գնալով ավելի են շատանում: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան»: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» որոշում է կայացրել դադարեցնել բանակցությունները ՊՍԺ-ի հետ: Կատալոնական ակումբի ղեկավարությունը դժգոհ է ՊՍԺ-ից բանակցությունների կոշտ ձևով ընթացքի պատճառով: Իսպանական ակումբը մտադիր չէ գործարքի մեջ ներառել պաշտպան Նելսոն Սեմեդային, քանի որ ՊՍԺ-ն չի գնահատել պորտուգալացի խաղացողի արժեքը:

Փատորեն, խանութից Նեյմարի հետ առնչվող ապրանքների հանելը հերթական քայլն է, որը խոսում է խաղացողի հեռանալու մասին: