Մխիթարյան. Մեծ հպարտությամբ եմ հագնում հավաքականի մարզաշապիկը

Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստ, Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության դեսպան Հենրիխ Մխիթարյանը հետադարձ հայացք է գցել երիտասարադական հավաքականում իր կարիերային:

Ի դեպ, Եվրոպայի Մ19 մրցաշրջանն այս տարի անցկացվում է Երևանում, որի մեկնարկը տրվելու է կիրակի:

Մխիթարյանն Ազգային ընտրանու կազմում խփել է 27 գոլ, հավաքականի մակարդակում սկսել  իր կարիերան 15 տարեկանից: Նա վերհիշել է երիտասարդ հավաքականներում անցկացրած հանդիպումները և զրուցել UEFA-ի պաշտոնական կայքի հետ.

-Ի՞նչ զգացիք առաջին անգամ՝ հագնելով Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը երիտասարդ տարիքում.

-Անչափ հպարտանում էի: Միշտ մեծ հաճույքով եմ հանդես եկել Ազգային թիմերում, ինձ դուր էր գալիս խաղալ անծանոթ հավաքականների ու ֆուտբոլիստների դեմ: Այդ տարիքում դա մեզ համար շատ լավ փորձ էր, որովհետև առաջնությունում ամեն շաբաթ նման խաղեր չէինք ունենում:

- Պատմեք մեզ, թե ի՞նչ փորձ տվեց Ձեզ Մ19 հավաքականում հանդես գալը: Ի՞նչ են սովորում ֆուտբոլիստներն այդ մակարդակում:

-Դու մրցում ես ավելի ուժեղ հակառակորդների հետ, քան հանդիպում ես քո առաջնությունում: Այդ մակարդակում ես սովորեցի, որ ֆուտբոլն ավելի արագ է: Դու պետք է շատ ավելի արագ որոշումներ կայացնել, որովհետև ժամանակ չունես երկար մտածելու: Այն հնարավորություն է տալիս նաև քեզ հասկանալու, թե իսկապես ինչ մակարդակի վրա ես և որ ուղղությամբ պետք է բարելավես խաղդ:

-Այդ ժամանակ ո՞վ էր Ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը:

-Զինեդին Զիդանն էր իմ սիրելի ֆուտբոլիստը: Նա խաղադաշտի Պիկասոն էր, ով ապշեցուցիչ էր: Երբ գնդակով էր, պարզապես  կախարդանք էր  ստեղծում:

-Դուք այժմ Հայաստանի ռեկորդակիր ռմբարկու եք: Կա՞ ինչ-որ պահ Ձեր միջազգային կարիերայում, որով ամենաշատն եք հպարտանում:

- Չեմ սիրում ինձ գովել: Ինչ էլ անում եմ, հաճույքով եմ անում: Այնպես որ, թե ինչով կհպարտանամ, կմտածեմ կարիերաս ավարտելուց հետո: Ինչպես եմ ես ինձ կերտել, ինչի եմ հասել, որտեղ եմ գտնվում, ահա, թե ինչով եմ հպարտանում:

- Որքանո՞վ եք կարևորում այն հանգամանքը, որ մրցաշարն այս անգամ անցկացվում է Հայաստանում:

-Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ ու ուրախ են ընդունելու մրցաշարը, քանի որ սա հիանալի հնարավորություն է հետևելու Եվրոպայի ապագա աստղերին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալու  այս մրցաշարում:

-Իմ խորհուրդը հետևյալն է՝ զվարճանալ ու վայելել յուրաքանչյուր պահը, որովհետև նման խաղերն ու մրցաշարերը կյանքում կարող են մեկ անգամ լինեն: Բոլորին հաջողություն եմ մաղթում: