Ռայոլա. Պոգբայի խնդիրը շուտով կլուծվի

Հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ շատ շուտով կլուծվի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շուրջ ստեղծված թնջուկը:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռայոլան The Times-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Պոգբան իսկապես ուզում է հեռանալ ՄՅՈւ-ից: Արդյունքում մամուլը սկսեց քննարկել, որ Պոլը տեղափոխվելու է կամ «Ռեալ» կամ էլ «Յուվենտուս»:

Չնայած այս խոսակցություններին՝ Պոլն արդեն «Կարմիր սատանաների» հետ մեկնել է Ավստրալիա՝ հավաքի: Այս ամենով հանդերձ Պոգբայի գլխավերևում դեռ շարունակվում են սև ամպեր կուտակվել,  երեկ անգամ ընդհարվել է իր թիմակցի՝ Ջեսի Լիգարդի հետ:

Նախքան Ռայոլայի հայտարարությանը, Պոլն արդեն մեկ հայտարարություն հասցրել անել, թե իբր նոր զգացողությունների կարիք է զգում: Այս արտահայտությունը, իհարկե, «Սատանաների» երկրպագուների սրտով չէր, սակայն Մինոն այստեղ ոչ մի վատ բան չի տեսնում.

- Ֆուտբոլիստը սխալ ոչինչ չի արել: Նա միշտ էլ հարգալից ու  պրոֆեսիոնալ է եղել՝ բոլոր առումներով: Ակումբը վաղուց գիտի, թե նա ինչ է զգում:

Ցավալի է, որ այլ մարդկանց միայն դուր է գալիս քննադատելը՝ չտիրապետելով ճիշտ ինֆորմացիայի: Ես նույնպես ցավ եմ զգում, որ ակումբը ոչ մի քայլ չձեռնարկեց այդ ամենը կանխելու համար: Հույս ունեմ՝ շատ շուտով որոշում կկայացվի, որը բոլոր կողմերի համար էլ ընդունելի կլինի,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում  talkSPORT-ը: