Հունաստա՜ն, Հունաստա՜ն. Հայաստանը հաղթեց Հունաստա՜նին

Հունաստանի ազգային ընտրանու ճամբարում շատ խառն է, դատարկ «Օլիմպիականն» էլ դրա վառ ապացույցն էր: Պատահական չէ, որ խաղից առաջ հունական ֆուտբոլային ուղղվածությամբ լրատվամիջոցները նշում էին, որ հաշվետու մրցավեճը հիանալի հնարավորություն է իրենց համար հասկանալու, թե իրականում որքան խորն է խնդիրը: Շատերը նույնիսկ ընդգծում էին, որ հնարավոր ֆիասկոյից հետո պաշտոնը կարող է թողնել գլխավոր մարզիչը:

Սրանից կարելի էր և պետք էր օգտվել, ինչն էլ արեցին հայ ֆուտբոլիստները: Անցած խաղի համեմատ Արմեն Գյուլբուդաղյանցը երկու փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում, սակայն առաջադրանքը` սկզբից ճնշել մրցակցին, նույնն էր, ինչ օրեր առաջ Լիխտենշտեյնի հետ երևանյան մրցավեճում:

Առաջին խաղակես

Մեկնարկում հայ ֆուտբոլիստները լավ տեսք ունեին ու ավելի ագրեսիվ էին գործում: Արդյունքը եղավ այն, որ դրվագներից մեկում կարողացան խլել գնդակն ու արագ հակագրոհի արդյունքում բացել հաշիվը: Աշխատեց Բարսեղյան-Կարապետյան զույգը: Երկրորդ գոլը նույնպես ծնվեց նման ճնշման արդյունքում, այս անգամ գրոհի եզրափակիչ փուլում գերազանց խաղաց Գևորգ Ղազարյանը: Մինչև ընդմիջում Հայաստանի ընտրանին գրեթե ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Ճիշտ է, Հունաստանն էլ առանձնապես ոչինչ չարեց իրավիճակը շտկելու համար: Մի քանի հուսահատ հարվածներ, որոնք վտանգ չէին պարունակում:

Երկրորդ խաղակես

Հույները մի փոքր ակտիվացան, սակայն դա ոչ թե ընդհանուր թիմային տեղաշարժի արդյունք էր, այլ առանձին խաղացողների անհատական վարպետության: Թերևս սրանով մերոնք գերազանցեցին ամբողջ հանդիպման ընթացքում: Բնական է, տանտերերը ավելի մեծ ուժերով սկսեցին առաջ ընթանալ` թողնելով բացեր թիկունքում: Հունաստանի խնդիրները ավելացան այն բանից հետո, երբ մնացին տասը խաղացողով: Մինչ այդ կարողացել էին կրճատել հաշվի տարբերությունը` օգտվելով Գյուլբուդաղյանցի սաների կենտրոնացվածության պակասից:  Հատկանշական է, որ գոլային դրվագից առաջ ահազանգ եղել էր, երբ նույնատիպ գրոհից հետո մրցակիցը հարված կատարեց: Երկրորդ փորձից արդեն գնդակը հայտնվեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասում: Այն, որ պահեր ունենալու է Հայաստանը, պարզ էր բոլորին: Մնում էր դրանք օգտագործել: Դրվագներից մեկում Մխիթարյանն արագ կողմնորոշվեց ու իր ֆիրմային անցումից հետո հարվածային դիրք դուրս բերեց Տիգրան Բարսեղյանին: Վերջինս երկրորդ փորձից խփեց այդքան անհրաժեշտ գնդակը: Թվում էր` վտանգն անցյալում է, պետք է խաղը հասցնել իր տրամաբանական ավարտին, սակայն ինչպես տեսանք, մեր հավաքականի տղաներին թվացել էր, թե խաղն ավարտվել է: Այլապես ինչպես բացատրել հույների խփած երկրորդ գոլի դրվագը, երբ մրցակիցը  մեկ շնչով անցավ բոլորին ու տպավորություն էր՝ կարծես պատրաստ էր ճանապարհին անցնել նաև մեր պահեստայիններով ու նոր գնդակն ուղարկել ցանցը: Դրանից հետո ևս մեկ պահ նրանք ունեին, բայց Արամ Հայրապետյանը հուսալի խաղաց: Եվս մեկ պահ կորցրեցինք նաև մենք:

Դարպասապահ

Անցած խաղի համեմատ ավելի վստահ էր իրեն զգում Արամ Հայրապետյանը ու իրոք մի քանի դրվագում աչքի ընկավ հուսալի խաղով:

Գոլային պահեր

Խաղի ընթացքն ու մեր խաղացողների դրվագներում թափթփված ու անուշադիր գործողությունները ցույց տվեցին, թե ինչ կարող էր լինել, եթե չօգտագործեինք մեր պահերն առաջին կեսում: Փաստորեն, հենց դա վճռեց խաղի ելքը:

Նույն խնդիրը

Այս երեկոյի Հունաստանից թեկուզ Աթենքում նման խաղի պայմաններում չի կարելի երկու գոլ ընդունել ու տեղի ունեցածն, իրոք, մտահոգիչ է: Դեռ լավ է, որ Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո դարպասաձողից գնդակը վերադարձավ կրկին մեր խաղացողի մոտ: Նման բան հազվադեպ է լինում ու ցավալի կլիներ նման խաղում չհաղթելը:

Գևորգ Ղազարյան

Երկու խաղ է հիշեցնում է Ղազարյանին, որը դեռ չէր եղել «Օլիմպիակոսում» ու խաղում էր Դոնեցկի «Մետալուրգում»: Պարզ է, որ մի քանի առաջարկ իր համար ապահովեց, մնում է ընտրել, իսկ ընտրելուց հետո շարունակել նույն ոգով:

Թեթևություն

Ֆունկցիոնալ առումով կատարյալ վիճակում չէր հավաքականը, բայց վերջին երկու խաղը միասին մոտ 120-130 րոպե վատ տպավորություն չթողեց: Թեթևություն կա խաղացողների գործողություններում, այլ հարց է, որ դա ընթացքում մարում է: Այստեղ մի շարք հանգամանքներ համընկան, մրցակիցները պատրաստ չէին նույնիսկ 30-40 տոկոսով:

Ամփոփում

Երկու խաղ, երկու հաղթանակ, ու սա է ամենակարևորը, բայց պակաս կարևոր չէ ճիշտ հետևություններ անելն ու չմոռանալը, որ պետք է պարզապես ֆուտբոլ խաղալ, ոչ ավելին, իսկ առջևում Բոսնիան ու Իտալիան են: