Հայաստանը ֆուտբոլ խաղաց ու հաղթեց. Առաջին միավորներն ընտրական փուլում

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Երևանում մրցեց Լիխտենշտեյնի հավաքականի հետ և վստահ հաղթանակ տարավ: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին մրցակցին: «Հանրապետականում» մեկ թիմ էր ֆուտբոլ խաղում` Հայաստանի հավաքականը:

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե չլիներ արագ գոլը, սակայն, ինչպես ասում են, եթեներով նույնիսկ Մունդիալում կարելի է հաղթել: Իսկ հիմա կարևորի մասին:

Վաղուց նման խաղի ականատես չէինք եղել հայ ֆուտբոլիստների կատարմամբ, որում ամեն ինչ կար. արագություն, փոխօգնություն, պայքար, անցումներ, դրիբլինգ և, ամենակարևորը, հարվածներ: Այո, մերոնք հարվածում էին ու դա անում էին տարբեր դիրքերից ամեն հնարավորության դեպքում, ինչը հաճելի անակնկալ էր` հաշվի առնելով հավաքականի վերջին մրցելույթները: Կարծ ասած` դուրս էին եկել խաղադաշտ ֆուտբոլ խաղալու, խաղացին ու հաղթեցին: Ավելին պետք էլ չէր:

Թիմային խաղ (կատարյալ առաջին խաղակես)

Նման ագրեսիվ ու ինտենսիվ ֆուտբոլի պարագայում, երբ հավաքականը նպատակաուղղված գնում է դեպի մրցակցի դարպասը, իսկ այդ ֆոնին մրցակիցը խուճապի մատնված զբաղված է գնդակը պարզապես հեռացնելով, մնում է միայն ասել, որ ամեն ինչ ստացվել է: Հիմնականում մրցակցին դիմավորում էին բարձր ու կենտրոնական հատվածում: Նման թիմային խաղով ու գործողություններով վաղուց մեր հավաքականը աչքի չէր ընկել, ինչը, իհարկե, ուրախացնող է: Տղաները հասցնում էին փակել գրեթե բոլոր գոտիները: Թիմային տեղաշարժ կար, թեթևություն գրեթե բոլոր ֆուտբոլիստների գործողություններում: Գնդակը կորցնելուց հետո, շատ արագ փորձում էին ետ բերել, ինչը կարևոր է նման մարտավարության պարագայում: Պայքարից չէին խուսափում, սահանկում անելուց նույնպես: Անհրաժեշտության դեպքում մրցակցի խաղացողին «խեղդում» էին կոլեկտիվ ջանքերով: Խոսքը վերաբերում է հատկապես առաջին կեսին, շատ արագ էին անցնում կենտրոնը ու թերևս սա գլխավոր հաղթաթղթերից մեկն էր: Հատկանշական է, որ հստակ առաջադրանք կար դրված Հարոյանի առջև հնարավորության դեպքում մեկ փոխանցումով կտրել մրցակցի թիկունքը: Ի դեպ, արդեն երկրորդ րոպեին հնարքն աշխատեց ու Գևորգ Ղազարյանը տեղափոխվելով կենտրոն ընդունեց խորքից Հարոյանի կատարած փոխանցումն ու բացեց հաշիվը: Ճիշտ ժամանակն է մեջբերել Վարդան Մինասյանին, որը խոսում էր «կազմակերպված քաոսի» մասին: Խաղացողներն անընդհատ փոխում էին իրենց դիրքերը` խառնաշփոթ ստեղծելով մրցակցի պաշտպանական դիրքերում: Եզրայիններ Համբարձումյանն ու Հովհաննիսյանը գրեթե ամբողջ առաջին կեսն անցկացրեցին մրցակցի կիսադաշտում: Խաղադաշտի ամբողջ լայնությամբ էր գործում Մխիթարյանը: Ի դեպ, վերջինս երբ տեղափոխվում էր եզր Ղազարյանը միանգամից հայտնվում էր կենտրոնում: Սրանով պայմանավորված մերոնք թվային առավելություն էին ստանում գոտիներում մրցակցի նկատմամբ: Երկրորդ գոլի ժամանակ էլ դա աշխատեց: Աջ եզրում Հենոն պատ խաղարկեց Պետրոս Ավետիսյանի հետ շարժվեց կենտրոն ու գտավ արդեն կենտրոնում հերթապահող Ղազարյանին: Վերջինս ընդունեց ու առանց ակնթարթ կորցնելու հարվածեց, դարպասապահը ետ մղեց, բայց դրվագից չկտրված (չկտրվեց ամբողջ խաղի ընթացքում) Կարապետյանը կրկնապատկեց հաշիվը: Սրանք կարևոր դետալներ են, որոնք պետք է առանձին նշել ու որոնք պակասում էին հավաքականի գործողություններում նախորդ մրցավեճերում:

Երկրորդ խաղակես

Նման ինտենսիվ առաջին կեսից հետո բնական է, որ ընդմիջումից հետո արագությունները պետք է թուլանային, հոգնածությունն իրենն ասում է, բայց ասել, որ մրցակցի խաղում կտրուկ փոփոխություն եղավ, սխալ կլինի: Նրանք փորձեցին ավելի ագրեսիվ գործել` արդյունքում ազատ տարածություններ թողնելով հայ ֆուտբոլիստների համար: Հակագրոհներից մի քանիսը մերոնք կարող էին ավարտել դարպասի գրավումով, սակայն շատ դեպքերում վերջին փոխանցումը չէր ստացվում: Ի վերջո դրանցից մեկն ամեն դեպքում ավարտվեց գոլով, աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, որը նույնպես շատ լավ աշխատեց ու ամբողջ խաղի ընթացքում նպատակաուղղված էր դեպի մրցակցի դարպասը:

Հենրիխ Մխիթարյան

Պետրոս Ավետիսյանի ներկայությունը խաղադաշտում Հենոյին լրացուցիչ թևէր էր տվել առջև գծում արարելու համար: Մեր ավագը լավ ֆուտբոլ խաղաց, ամենակարևորը չէր խուսափում պայքարից ու խաղն իր վրա վերցնելուց, գնում էր դրիբլինգի: Մեծ ծավալի աշխատանք կատարեց ու մի փոքր դիպուկ գտնվելու դեպքում նույնիսկ գոլ կարող էր խփել առաջին կեսում, երբ կրկին տեղաշարժերի արդյունքում հայտնվեց հարձակման սուր ծայրում: Երկրորդ կեսում էլ բախտը չժպտաց, երբ նրա հարվածներից հետո գնդակը մեկ դեպքում դիպավ հորիզոնական, մյուս դեպքում ուղղահայաց ձողին:

Դարպասապահ

Թերևս միակ ֆուտբոլիստը, որը խաղադաշտում իրեն այնքան էլ վստահ չէր զգում: Ակնհայտ երևում էր, որ ինչ-որ մի բան անհանգստացնում է Արամին: Գուցե դա պայմանավորված էր դեմքի վրայի կապտուկով, դժվար է ասել: Չնայած դրան, նրան հաջողվեց դարպասը պահել անառիկ, իսկ դրվագներից մեկում ուղղեց իր իսկ կողմից թույլ տված սխալը ու ետ մղեց գնդակը ազատ հարվածից հետո:

Ստանդարտներ

Տնային աշխատանք տեսանք անկյունայինների խաղարկման ժամանակ: Ճիշտ է դրանք չպսակվեցին հաջողությամբ, սակայն փաստն ինքնին գովելի է:

Գոլային պահեր

Հայաստանը վստահ հաղթանակ տարավ բոլոր առումներով: Խփեց երեք գոլ, բայց կարող էր ավելին խփել, բայց կորցրեց բազմաթիվ հնարավորություններ: Հաջորդ խաղերում նման հնարավորություններ գուցե չլինեն ու պետք է աշխատել այդ ուղղությամբ:

Ամփոփոում

Գյուլուբուդաղյանցի սաները կոնկրետ այս խաղում աչքի ընկան նվիրվածությամբ ու հաղթանակի հասնելու ձգտումով ու վարձատրվեցին գեղեցիկ հաղթանակով: Մարզիչը կարողացել էր պատրաստել սաներին հաշվետու մրցավեճին: Հուսանք` այն վարակիչ կլինի ու հաջորդ խաղերում նույնպես հայ ֆուտբոլիստները կխաղան ֆուտբոլ: Նրանցից ոչ ոք ավելին չի պահանջում:

Հաբեթ Հարությունյան