Արմեն Գյուլբուդաղյանցը և Կամո Հովհաննիսյանը պատասխանել են լրագրողների հարցերին

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը: Այն ներկայացրել է ՀՖՖ պաշտոնական կայքը:

-Կամո, ինչպե՞ս եք պատրաստվել խաղին։ Քանի որ արդեն ծանոթ էիք Լիխտեյնշտայնի հավաքականին, ի՞նչ գործոններ կառանձնացնեք նրանց խաղից։

-Խաղին պատրաստվել ենք շատ լավ։ Թե մարզչական, թե բժշկական շտաբի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի մենք պատշաճ կերպով պատրաստ լինենք հանդիպմանը։ Գնդակի վերահսկումը, արագ խաղը և մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներին չեզոքացնելը կարող են որոշիչ գործոններ լինել վաղվա վաղում։

-Մրցակցի վտանգավոր խաղացողներին և նրանց խաղին ծանո՞թ եք։

-Այո, դիտել ենք Լիխտեյնշտայնի վերջին մի քանի հանդիպումները։ Գիտենք, որ նրանց կազմում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար։ Մենք գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ։

-Պարոն Գյուլբուդաղյանց, խաղին մեկ օր է մնացել։ Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ունեն։

-Վնասվածք ստացած ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ չեն։ Կան փոքր վնասվածքներ ունեցող 1-2 ֆուտբոլիստներ։ Հույս ունենք, որ մինչև վաղվա խաղը նրանք պատրաստ կլինեն։

-Ի՞նչ կասեք հավաքական առաջին անգամ հրավիրված Արմեն Համբարձումյանի մասին։

-Արմենը դեռ անցյալ հավաքի ժամանակ էր ընդգրկված հավաքականի ընդլայնված կազմում։ Մեծ առաջընթաց է նկատվում նրա խաղում։ Խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, դրա համար էլ հրավիրվել է ազգային հավաքական

-Նախորդ տարի երկու անգամ խաղացինք Լիխտեյնշտայնի հավաքականի հետ և բավական բարդ երկու խաղ ունեցանք։ Ինչպիսի՞ ֆուտբոլ եք ակնկալում նրանցից վաղը։

-Ինչպես գիտեք՝ փոխվել է Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը։ Հետևաբար փոխվել է նաև խաղաոճը, թիմի մարտավարությունը։ Դիտել ենք Իտալիայի և Հունաստանի հավաքականների դեմ անցկացրած նրանց հանդիպումները, և բավական կազմակերպված թիմի տպավորություն են թողել։

-Միշտ սպասվում է, որ դուք երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն եք տալիս։ Հաշվի առնելով վաղվա մեր մրցակցին՝արդյո՞ք այս խաղում հենց մեկնարկային կազմում կտեսնենք նոր, երիտասարդ ֆուտբոլիստների։

-Եթե ծանոթ եք իմ մարզչական կարիերային, ապա գիտեք, որ ես երիտասարդներին մեծ տեղ եմ հատկացնում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սերնդափոխությունը չպիտի լինի արհեստական ձևով։ Կազմի ընտրությունը կատարելու ենք վաղը։

-Համարո՞ւմ եք, որ հավաքականը այլևս միավոր կորցնելու իրավունք չունի։

-Պետք է չվախենալ դաշտ մտնելուց և ֆուտբոլ խաղալուց։ Եթե Ձեր նշած տրամադրվածությամբ մտնես խաղադաշտ և մտածես, որ սխալվելու իրավունք չունես, ապա անընդհատ կսխալվես։ Պետք է դաշտում ունենաս պատասխանատվության մեծ զգացում, ազատ լինես քո գործողություններում, որպեսզի կարողանաս հասնել դրական արդյունքի։

-Ի՞նչ կասեք Արազ Օզբիլիսի մարզավիճակի մասին։

-Արաս Օզբիլիսը իսկական պրոֆեսիոնալ է։ Երբ նա մնաց առանց թիմի, հենց այդ օրվանից սկսեց անհատական ծրագրով մարզվել։ Մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ ցանկանում է օգնել մեր հավաքականին։ Հուսանք, որ նա կկարողանա օգտակար լինել մեր հավաքականին։

-Կխնդրեինք նաև անդրադառնալ Գևորգ Ղազարյանին և Յուրա Մովսիսյանին, ով այս անգամ չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով։

-Յուրան այս պահին բուժվում է Լեհաստանում։ Այս պահին երկու թիմից առաջարկ ունի, հուսանք, որ մոտակա օրերս հստակություն կլինի այդ հարցում։ Գևորգն էլ մի քանի թիմից առաջարկ ունի, սակայն նա նախընտրում է շարունակել խաղալ Պորտուգալիայում։ Այս պահին նրանք կենտրոնացած են մեր առաջիկա երկու խաղերի վրա։

-Հայաստանի հավաքականին միանալու համար Մարկոսը ե՞րբ պարտաստ լինի։

-Մարկոսը Հայաստանում է իր անձնական բժշկի հետ է։ Օրը երկու վերականգնողական մարզումներ է անցկացնում։ Մեծ և քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի շուտ ապաքինվի։ Կարծում եմ՝ օգոստոս-սեպտեմբերին նա արդեն կմիանա ընդհանուր խմբին։

-Մեկնաբանեք Նորբերտո Բալեկյանի և Սարգիս Ադամյանի բացակայությունը։

-Մենք խնդիրներ ենք ունենում այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր ներկա պահին հանդես են գալիս Լատինական Ամերիկայում։ Նորբերտոն մայիսի 15-ին վերջին հանդիպումն անցկացրեց իր թիմում։ Մենք մայիսի 24-ին նրան հրավերք ուղարկեցինք՝ նշելով, որ ցանկալի է մայիսի 27-ից նա լինի Հայաստանում և սկսի մարզվել, սակայն ի պատասխան մեզ գրություն եկավ, որ նա հունիսի 4-ից շուտ Հայաստանում լինել չի կարող։ Նա ինքը նշեց, որ լավ մարզավիճակում չի գտնվում։ Մեծ ռիսկերից խուսափելու համար որոշեցինք նրան այս անգամ չհրավիրել։ Սարգսին նախ և առաջ շնորհավորում եմ՝ նոր ակումբ տեղափոխվելու կապացկությամբ։ Հայտնի է, որ նա մրցաշրջանի վերջին մի քանի հանդիպումները վնասվածքով էր անցկացնում։ Մենք Սարգսին հրավերն ուղարկել էինք դեռ մինչև նրա՝ «Հոֆենհայմ» տեղափոխվելը, սակայն «Յան Ռեգենսբուրգից» մեզ պաշտոնական նամակ եկավ, որտեղ մանրամասն կերպով նշված էր, թե նա ինչ վնասվածք ունի։ Նա մնաց ապաքինվելու, որպեսզի վնասվածքը խորացնելուց խուսափենք։

-Ուկրաինայի առաջնության Բարձրագույն խմբում հանդես է գալիս 22-ամյա Արթուր Ավակիմյանը, ով բավական լավ խաղ է ցուցադրում։ Արդյոք կա՞ նա ձեր կիսադաշտում։

-Այո, հետևում ենք նրա խաղին։ Բավական արդյունավետ խաղ է ցուցադրում վերջերս։ Հետևում ենք նաև Բելառուսում հանդես եկող Գրիգոր Աղեկյանի մրցելույթներին։ Մենք հիմա գոլահար հարձակվողի կարիք շատ ունենք։

-Ինչու՞ Գեղամ Հարությունյանը ազգային հավաքական չի հրավիրվում։

-Գեղամ Հարությունյանը կար հավաքականի ընդլայնված ցանկում։ Վերջին խաղում նա անգամ 4 գոլի հեղինակ դարձավ։ Այս անգամ սակայն մենք որոշեցինք հրավիրել Արթուր Միրանյանին, ով իմ կարծիքով ավելի կայուն խաղ է ցույց տալիս։

Ասուլիսից հետո տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա հունիսի 8-ին` ժամը 20:00-ին: