Գյունդոգան. Սանեն չի ուզում հեռանալ «Ման. Սիթիից»

«Ման. Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը չի հավատում, որ իր ակումբը կվաճառի վինգեր Լերոյ Սանեին: Ինչպես հայտնի է, «Բավարիան» չի թաքցնում հետաքրքրությունը Սանեի նկատմամբ, որն իր հիմական տեղը «Քաղաքայինների» կազմում չէր կարողանում ամրապնդել նախորդ մրցաշրջանում: Ի դեպ,  նրան երկու տարվա պայմանագիր է մնացել «Սիթիի» հետ:

Սակայն այս ամենով հանդերձ՝ Գյունդոգանը չի կարծում, որ Գերմանիայի հավաքականի իր խաղընկերը կհեռանա  «Էթիհադից»: Իլկայը վստահ է, որ Լերոյը ուզում է մնալ «Սիթիում»:

- Ես կոնկրետ չգիտեմ նրա կարգավիճակը, միայն կողքից նայելով կարող եմ ասել: Բայց ես խոսել եմ նրա հետ ու  այնպիսի տպավորություն չեմ ստացել, թե նա ուզում է հեռանալ «Սիթիից»: Կարծում եմ՝ «Ման. Սիթին» էլ չի ուզում կորցնել նրան: Այն, որ նա երկու տարվա պայմանագիր ունի, դեռ ոչինչ չի ասում: Կարծում եմ՝ նա կմնա իր թիմում և ուրախ կլինի դրա համար,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Goal-ը: