Սարգիս Ադամյանը` «Հոֆենհայմում». Տրանսֆերի արժեքը, առաջին հարցազրույցն ու նոր ակումբի տնօրենի կարծիքը հայ ֆուտբոլիստի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը գալիք մրցաշրջանից կարիերան կշարունակի «Հոֆենհայմում», այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր ակումբի հետ 25-ամյա խաղացողը կնքել է պայմանագիր մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

- Սարգիս Ադամյանն իր վրա սևեռեց ուշադրությունն իր արագությամբ ու արդյունավետ խաղով` խաղալով «Յան Ռեգենսգուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայում: Վստահ եմ, որ նա կդառնա գալիք մրցաշրջանի հայտնությունը,- ասել է «Հոֆենհայմի» տնօրեն Ալեքսանդր Ռոզենը:

«Հոֆենհայմի» պաշտոնական կայքը նշել է, որ Սարգիսը ծնվել է Երևանում, իսկ ֆուտբոլային կրթությունը ստացել է Ռոստոկի «Հանզայում»: Վերջին շրջանում Ադամյանը զգալի առաջընթաց է գրանցել: Ընդմանեը երկու տարի առաջ նա խաղում էր Ռեգիոնալ լիգայում և ներկայացնում էր «Շտայնբախը»: Ընթացիկ մրցաշրջանում նա խփել է 15 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: Նման արդյունավետությամբ աչքի ընկած խաղացողը չէր կարող անտարբեր թողնել գերմանական ու արտասահմանյան այլ ակումբներին:

- Հենց սկզբից «Հոֆենհայմը» ցույց տվեց, թե ինչքան է ցանկանում իր կազմում տեսնել ինձ և ես պարտավոր եմ արդարացնել նրանց վստահությունը: Ես ցանկանում եմ հաղթել Բունդեսլիգայում և այստեղ տեսնում եմ դրա համար բոլոր նախադրյալները,- ասել է Ադամյանը «Հոֆենհայմի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո:

Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Յան Ռեգենսբուրգ» 2017 թվականի ամռանը: Երկրորդ Բունդեսլիգայում նա անցկացրել է 65 խաղ, խփել է 20 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ և խփել է 1 գոլ:

Գերմանական պարբերականները գրում են, որ Ադամյանի տրանսֆերը «Հոֆենհայմին» արժեցել է 1.5 միլիոն եվրո: Ի դեպ, նշվում է, որ հենց այդքան է եղել խաղացողի հրաժարագինը: