Հենրիխ Մխիթարյանը կարող է չմասնակցել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչին

Լոնդոնի «Արսենալը» երեկ երեկոյան «Վալենսիային» հաղթելուց հետո ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում: Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հարաբերությունների պատճառով այդ հանդիպմանը հավանաբար չի կարողանա մասնակցել անգլիական թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է Բաքվում մայիսի 29-ին և նման դեպք ընթացիկ խաղարկությունում արդեն գրանցվել է, երբ նույն մրցաշարի խմբային փուլի «Ղարաբաղի» հետ հանդիպումը Հենրիխը բաց թողեց նույն պատճառով:

Այդ հանդիպումը կայացել է հոկտեմբեր ամսին և այն ժամանակ, ելնելով հանդիպման կարևորությունից, «Արսենալի» ղեկավարությունը չցանկացավ լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի Հենրիխը մեկներ թիմի հետ Ադրբեջան, բայց հիմա ամեն ինչ այլ է և առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կունենա ակումբի ղեկավարությունը: Ըստ նախնական լուրերի` «Արսենալի» ղեկավարությունը չի ցանկանում ավելորդ քաշքշուքների մեջ ընկնել այդ պատճառով:

Բրիտանական մամուլը գրում է, որ 1994 թվականից ի վեր Արցախյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: «Ղարաբաղի» հետ հանդիպումից առաջ թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել էր.

  • Նա չի կարող մեկնել մեզ հետ Ադրբեջան: Սա ֆուտբոլ է և դա է իմ գործը: Ես հարգում եմ ցանկացած երկիր, յուրաքանչյուր մարդու և նրանց իրավունքները, բայց ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում այդ երկրներում,- ասել էր Էմերին:

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականին նույն պատճառով ՀենրիԽ Մխիթարյանը չէր մեկնել «Գաբալայի» հետ հանդիպմանը, չնայած ՈւԵՖԱ-ն խոստացել էր հայ ֆուտբոլիստին տրամադրել վիզա: Դե իսկ ելնելով անվտանգության տեակետից, կարելի է ամենաճիշտ որոշումը համարել հենց Մխիթարյանի չմեկնելը Բաքու, քանի որ ոչ-ոք չի կարող երաշխավորել այն: