Մ-19 Եվրո-2019-ի մեկնարկին մնաց 90 օր. մասսայական ֆուտբոլի միջոցառում՝ Վաղարշապատում

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, կայացել է հերթական միջոցառումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նշվում է, որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվել է մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, թիմի ավագ Արսեն Եղիազարյանը և կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

Արթուր Ոսկանյանի հայրենի Վաղարշապատում մեկնարկել է նաև մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայությունը (trophy tour), իսկ Արթուր Ոսկանյանը կատարել է խորհրդանշական առաջին հարվածը Արմավիրի մարզի «Ջրարբի» և «Այգեկ» թիմերի մրցավեճում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում: Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն ¼ փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

ffa.am