Ինչ տրանսֆերներ են սպասվում Եվրոպայում

Ըստ եվրոպական պարբերականների` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր թիմում տեսնել Էդեն Ազարին, Կիլիան Մբապեին, Պոգբային և Ադրիան Ռաբիոյին, չնայած նրան, որ Ազարի տեղափոխությունը կարող է բարդ ընտրության առաջ կանգնեցնել Զիդանին: Բանն այն է, որ Ազարի դիրքում ներկա պահին խաղում է Վինիսիուսը

«Պարի Սեն Ժերմենի» սեփականատերերը ցանկանում են ևս մեկ ակումբ ձեռք բերել, այս անգամ Անգլիայում: Այդ ակումբը կարող է լինել «Աստոն Վիլան», «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» կամ «Նոթինգեմ Ֆորեստը»:

«Յուվենտուսը» մտադիր է գալիք ամռանը «Լիոնից» ձեռք բերել Տանգի Նդոմբելեին: Բացի «Ծեր Սինյորայից» ֆրանսիացի կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Պարի Սեն Ժերմենը», «Չելսին», «Մանրեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»: 

«Վեստ Հեմը» ցանկանում է հրավիրել «Սենտ Էտիենի» 28-ամյա կիսապաշտպան` Մվիլային: Հիշեցնենք, որ խաղացողը հասցրել է արդեն մեկ անգամ խաղալ Անգլիայում, 2015/16թթ. մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Սանդերլենդի» կազմում:

Իսպանիա

Ազարի մասին արդեն խոսվել է: Հաջորդը կարելի է խոսել Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխության մասին: Եթե «Պարի Սեն Ժերմենը» որոշի վաճառել ուրուգվայցի գոլահարին, ապա «Ատլետիկոն» ամենևին էլ դեմ չէր լինի հրավիրել նրան: Դիեգո Կոստայի հնարավոր տեղափոխությունից հետո «Ատլետիկոն» պետք է փոխարինող գտնի:

«Ատլետիկո» կարող է վերադառնալ նաև Ջոնի Օտոն: Մադրիդում գտնվելու ժամանակաշրջանում նա այդպես էլ հնարավորություն չի ստացել խաղալ գլխավոր թիմում, բայց վերջերս նա խոստովանել է, որ շատ է ցանկանում մի օր վերադառնալ «Ատլետիկո» և խաղալ առաջին թիմում:

Գերմանիա

Լուկա Յովիչի հայրը վստահեցրել է, որ իր որդին չի ցանկանում հեռանալ «Այնտրախտից»:

- Լուկան ցանկանում է մնալ այստեղ և «Այնտրախտի» հետ հաջորդ մրցաշրջանում պայքարել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այո, կան առաջարկներ «Բարսելոնայից» և «Չելսիից», բայց նա չի ուզում հեռանալ:

Ժոզե Մոուրինյոյին վերջերս հարց են տվել, թե արդյոք նա չեր ցանկանա գլխավորել Մյունխենի «Բավարիան», ինչին պորտուգալացի մասնագետը պատասխանել էր.

- Ես շատ եմ հարգում իմ գործընկերոջ Նիկո Կովաչին, այդ պատճառով էլ չեմ պատասխանի այս հարցին: Կասեմ միայն մեկ բան, «Բավարիան» մեծ ակումբ է:

«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչը հանդիպել է «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտի հոր հետ, որպեսզի քննարկեն կիսապաշտպանի տեղափոխությունը Թուրին: Ըստ գործող պայմանագրի Բրանդտի հրաժարագինը կազմում է 21 մլն ֆունտ: Բացի «Յուվենտուսից» նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է ակտիվ կերպով ձախ պաշտպան փնտրել:  Ֆիլիպ Մաքսին, Ֆիլիպե Լուիսին և Նիկո Շուլցին միացավ նաև «Վոլֆսբուրգի» խաղացող Ժերոմ Ռուցիլոնի թեկնածությունը:

Իտալիա

«Ինտերը» պատրաստվում է 25 մլն ֆունտ վճարել «Ռոմային» Լորենցո Պելեգրինիի համար: Դի Ֆրանչեսկոյի հեռանալուց հետո խաղացողի ապագան Հռոմում մեծ հարցականի տակ է:

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» չեխ հարձակվող Պատրիկ Շիկին, որը չնայած ընթացիկ մրցաշրջանում խփել է ընդամենը 3 գոլ, բայց գրավել է նաև «Լայպցիգի» ուշադրությունը:

Իսկ «Ռոման» իր հերթին ցանկանում է հրավիրել «Կալյարիի» դարպասապահ Ալեսիո Կրագոնյին, «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Ջանլուկա Մանչիկիին, ինչպես նաև «Բորդոյի» կենտրոնական պաշտպան Ժյուլա Կունդեին: