Ոչ բարոյական տիեզերական հոնորարներ

Սկիզբը` այստեղ

Ծիտիկները շշնջում են, որ Մելենդեսի մասին իմ երեկվա գրառումը նյարդայնություն է ստեղծել հայկական ֆուտբոլի խաղաղ ճահճում: Հավանաբար ինձ անվանում են կարիերիստ,  ինտրիգներ որոնող կամ գուցե ավելի վատ տարբերակներ էլ կան: Նման պիտակավորումները չեն վիրավորում, քանի որ դրանք արտացոլում են անզորությունը: Անզորությունը` հասկանալու, թե, գրողը տանի, ի՞նչ է այդ Նիկոլային պետք:

Այո, իրավիճակը կարծրատիպային մտածողության համար չէ, քանի որ անհասկանալի է, թէ ինչով կարող է ինձ գերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փողերո՞վ: Ոչ, չէ որ ես իսպանացի չեմ, որպեսզի ինձ մեծ գումարներ վճարեն: Պաշտոնո՞վ: Սա ինքն իրենով հնչում է ծիծաղելի, հետևաբար սա կարիերիզմի հարց չէ: Ինտրիգներ հյուսել ինձ նույնպես ձեռնտու չէ, որովհետև հայկական ֆուտբոլում աշխատող մարդկանց 99 տոկոսին չեմ ճանաչում: Նշանակում է` ինտրիգներ փնտրող էլ չեմ:

Ինչո՞ւ է ամեն դեպքում սա պետք: Մի փոքր ինտրիգ. շարժառիթների մասին կգրեմ վաղը: Իսկ այսօր առաջարկում եմ զվարճալի թվաբանություն: Պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում ստիպված եմ հիմվել շշուկների վրա: Եթե իմ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ուրախ կլինեմ, եթե ֆեդերացիան ներկայացնի պաշտոնական տվյալները: Մինչ այդ կգործենք նրանով, ինչ ունենք:

Եվ այսպես, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, իսպանացի Մելենդեսի ու նրա օգնականների տարեկան աշխատավարձը կազմում է 1,2 միլիոն եվրո: Սա մոտավորապես ֆեդերացիայի բյուջեի մեկ քառորդն է: Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների առավելագույն աշխատավարձը 300 դոլար է: Կարծում եմ` երկու թվի համեմատությունը ցրում է կասկածները կապված ֆեդերացիայում ֆինանսական ղեկավարման արդյունավետության հետ:

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա վճարել նման գումարներ գաստրոլյորներին ոչ թե արդյունավետ չէ, այլ անբարոյական է:

Իմ հաշվարկներով Մելենդեսի օրական աշխատավարձը կազմում է մոտ 2500 եվրո: Նա պատմում էր, որ աշխատում է շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ, բայց հաշվարկ կատարելիս ամեն դեպքում ելել եմ տարեկան աշխատանքային այդ համեստ 250 օրից: Վաստակում է նա այդ գումարները, օրինակ, խորհուրդներով, որ երիտասարդ ֆուտբոլիստները ճաշարանում պարտադիր պետք է հավաքեն իրենց ետևից ամանները: Եթե չեք հավատում, ինքներդ կարող եք դիտել և լսել նրա ասուլիսի տեսանյութը: Այս աբսուրդը տեղի է ունենում իրականում և արժե Հայաստանի չափանիշներով ոչ բարոյական տիեզերական գումարներ:

Օրական 2500 եվրո իսպանացի թոշակառուին մի երկրում, որտեղ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 25 տոկոսը աղքատության շեմին է: Օրական 2500 եվրո խորհուրդների համար, որ պետք է իսպանացի դիետոլոգների հրավիրել երկիր, որը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով զբաղեցնում է 53-րդ տեղը ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրի մեջ: Օրական 2500 եվրո փորձագետին, որը կստեղծի կախարդական բանաձև ինչպես զարգացնել ֆուտբոլը աղքատ ու ծնկի եկած Գյումրիում, որտեղ երբեմնի զարգացած ու հպարտ քաղաքում ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվը չի անցնում 250-ի սահմանը:

Ակնհայտ է, որ Մելենդեսն անհամաչափ թանկ արժե նման աղքատ երկրի համար: Իսկապես ցավում եմ, որ իմ հայրենակիցները սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ: Եթե չեն հասկանում, ապա դա կոչվում է պրոֆեսիոնալ անհամապատասխանություն, իսկ, եթե հասկանալով են անում՝ դա կրկնակի պրոֆեսիոնալ անհամապատասխանություն է:

Ամենավատն այն է, որ  ֆեդերացիայի փադիշահական առատաձեռնությունը (ի դեպ ոչ միայն իսպանացիների աշխատավարձերի հարցում) հակասում է այն արժեքներին, որոնք առաջ է տանում նոր կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ:

Շարունակելի

Նիկոլայ Պետրոսյան (2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016 թվականներին զբաղեցրել է adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018 թվականներին bwin Russia միջազագային բուքմեյքերական ընկերության մարքեթինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը)

* football365.am-ի խմբագրակազմի կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ