Իմ «իսպանական ամոթը»

Լսեցի միժամյա ասուլիսը իսպանացի Մելենդեսի, որին ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն են նշանակել: Չեմ ցանկանում ոչ մեկին վիրավորել, բայց բավական չեն ցենզուրային խոսքերը, որպեսզի ներկայացնեմ իմ հիասթափությունն ու «իսպանական ամոթը», կապված այդ միջոցառման և ընդհանրապես այն ամենի ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում: 

Սա այն ոլորտն է, որտեղ մեր միամտությունն ու չարդարացված լավատեսությունը երևան են գալիս շատ հաճախ: Առաջին հերթին այս արմատախիլ չլինող հավատը բնորոշ է գավառականներին, որոնք հավատում են ամենակարող «սպիտակ մարդուն»` խելացի և գիտակ, որը կգա և մի ակնթարթում կսովորեցնի նրանց կոկոս աճեցնել կամ կոկորդիլոսներ որսալ:

Նման առաքելություն ունեցող քանիսն են արդեն եղել Հայաստանում: Արդյունքը` զրո, բայց նոր ղեկավարությունը, որը մանուկ հասակում  չի հասցրել ֆենտեզիից հոգնել, կրկին կանգնում է նույն փոցխի վրա: Ես չեմ վիճում, հավանաբար նա հիանալի մասնագետ է և մասնակից իսպանական ֆուտբոլի մի շարք հաղթանակների: Ամեն ինչ այդպես է: Բայց խնդիրը նրանում է, որ աղքատ, այո, աղքատ Հայաստանը պետք է վերցնի փորձ ոչ թե Իսպանիայից, այլ այնպիսի երկրներից, որոնք անցել են նույն ճանապարհը` ունենալով այն նույն խնդիրները, որոնք ներկա պահին ունի Հայաստանը: Գնացեք բալկանյան երկրներ, Աֆրիկա, հետևեք Իսլանդիայի օրինակին:

Բայց ո՞վ պետք է զբաղվի այդպիսի բարդ գործընթացներով: Ավելի հեշտ է հրավիրել իր անվան հովանու տակ քողարկված իսպանացու, հրավիրել տասնյակ լրագրողներ և մի ամբողջ ժամ լսել թոշակառուներին բնորոշ հասարակ հեքիաթներ:

Չեմ ալարել և դուրս եմ գրել «իսպանական Տոնի Ռոբբինսի» մի քանի մտքեր. «Երիտասարդ ֆուտբոլիստներին պետք են լավագույն մարզիչներ», «Պատանի ֆուտբոլիստներին անհրաժեշտ է խաղային պրակտիկա», «Պետք է համախմբված աշխատել մեկ նպատակի համար», «Գնալ նպատակին առաջ քայլ առ քայլ», «Ստեղծել շատ ամուր հիմք»: Սա հիասքանչ է: Լսե՛ք հայեր` ինչ է ասում «սպիտակ մարդը»: Չէ՞ որ ինքը հիշում է Ինյեստային, երբ նրա գլխին դեռ մազեր կային, չէ՞ որ ինքը պատժել է անձամբ Սուսոյին, որը ներկա պահին խաղում է «Միլանում», չէ՞ որ նա մեր մարզիչներին տարել է Մադրիդ, որտեղ նրանք սելֆի են արել անձամբ Ռաուլի հետ:

Եվ հայերը լսում են, ուրախանում և հիանում, երբ բարի իսպանացի պապիկը գովաբանում է իրենց երկիրը: «Ոչ մի տեղ մեզ չէին դիմավորել այնպես, ինչպես Հայաստանում: Մենք հիացած ենք մարդկանց վերաբերմունքից»,-ասում է նա, կարծես իմանալով, որ դա հենց այն է, ինչ ուզում են լսել միամիտ գավառականները: Պապիկը ավելի է ոգևորվում և վերջնականապես նմանվում է Օստապ Բենդերին հին Վասյուկիներում. «Տեսնում եմ, ինչպես են Հայաստանում սիրում ֆուտբոլ», «Այստեղ այնպիսի կիրք կա ֆուտբոլի հանդեպ», «Հայաստանում շատ բարձրակարգ խաղացողներ կան»:

Լուսանկարը` ՀՖՖ ֆեյսբուքյան էջի

Այո, պարոն, այնպես են սիրում ֆուտբոլ, որ ազգային հավաքականի խաղերին այցելում են 10000-ից ոչ ավելի ֆուտբոլասեր, իսկ ներքին առաջնության հանդիպումներին` մեկ-երկու հարյուր: Բայց ոչ մեկը չի առարկում, ոչ մեկը չի տալիս անհարմար հարցեր: Ինչպես կարելի է: Չի կարելի: Ուր կմնա ազգային հյուրընկալությունը: «Սպիտակ մարդը» մեզ գովում է, չի կարելի վիրավորել նրան:

Եվ այստեղ, այդ նույն ասուլիսի ժամանակ, ֆեդերացիայի փոխնախագահը հայտարարում է, որ Մելենդեսի և իր թիմի հետ պայմանագիրը կնքված է 1+1 համակարգով: «Բայց մենք արդեն ուզում ենք ակտիվացնել այդ կետը և երկարաձգել պայմանագրի ժամկետը»,-հպարտորեն ասում է նա: Ընդամենը մեկ ամիս համատեղ աշխատանքից հետո գործատուն ուզում է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Այդ ինչ է արել իսպանացի պապիկը չորս շաբաթվա ընթացքում: Իր իսկ խոսքերով, առանձնապես ոչինչ. հավաքում է տվյալներ, ծանոթանում իրավիճակին, լեգեոներների լիմիտի հետ կապված իր կարծիքը դեռ չի կազմել: Բայց ֆեդերացիան չի համբերում ավելի հաճոյանալու համար: Մի կողմ դնելով առողջ միտքն ու  պարկեշտությունը նետվում է փրկչի գիրկը. Չէ որ ինքը այնքան հաճելի է պատմում հեքիաթներ և այնքան քաղաքավարի է արտաբերում.«սինյոր Արմեն»:

Նա պրոֆեսիոնա՜լ է: Բարձրակա՜րգ պրոֆեսիոնալ: Նման պրոֆեսիոնալ հայկական ֆուտբոլում դեռ չի՜ եղել: Ամեն ինչ, անպայմա՛ն, կստացվի: Բոլոր նրանք, որոնք կասկածում են կարող են գրողի ծոցը գնալ և ընդհանրապես նրանք հավանաբար հակահեղափոխականներ են:

Նայում ես կողքից և զգում, որ շա՜տ ամոթ է: Շա՜տ:

Շարունակությունն` այստեղ

Նիկոլայ Պետրոսյան (2005 թվականին եղել է championat.ru (հետագայում՝ championat.com) կայքի առաջին աշխատակիցը, հետագայում զբաղեցրել է Ռուսաստանի թիվ 1 մարզական մեդիայի նորությունների ծառայության ղեկավարի, այնուհետև՝ գլխավոր խմբագրի պաշտոնները: 2014-2016 թվականներին զբաղեցրել է adidas ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրենի, իսկ 2016-2018 թվականներին bwin Russia միջազագային բուքմեյքերական ընկերության մարքեթինգի տնօրենի պաշտոնները: 2018 թվականի հոկտեմբերին նշանակվել է Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը)

* football365.am-ի խմբագրակազմի կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ