«Լոռիի» առաջին մարզումն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ

Վանաձորի «Լոռին» վերսկսել է մարզումները նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խզվել է պայմանագիրը նաև նախկին գլխավոր մարզչի օգնական Մամիկոն Ղարիբջանյանի հետ, որը 2017 թվականի հուլիսի 25-ից աշխատում էր ակումբում: Վերջինս մարզել է նաև Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի 3-6 տարեկանների խմբերը: Ավարտվել է նաև թիմի դարպասապահ Գոռ Էլյազյանի հետ գործող պայմանագրի ժամկետը: Ակումբը որոշել է չերկարաձգել այն: Էլյազյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: Թիմի կազմում մասնակցել է 20 խաղի, 10-ում դարպասը պահել է անառիկ: «Լոռիից» հեռացել է նաև պաշտպան Վարդան Մովսիսյանը, որ գործող պայմանագրի ժամկետը նույնպես ավարտվել է, եւ ակումբը որոշել է կրկին չերկարաձգել այն: Մովսիսյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: «Լոռիի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 4 գոլ և կատարել նույնքան փոխանցում:

«Լոռիում» չի շարունակի մրցելույթները նաև Վիգեն Ավետիսյանը: Ակումբը որոշել է չերկարաձգել խաղացողի գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է: Ավետիսյանը «Լոռիում» էր 2017 թվականի հուլիսի 25-ից: «Լոռիի» կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Ակումբի մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ Վիգեն Ավետիսյանը «Լոռիի» առաջին պաշտոնական գոլի հեղինակն է:

Հայտնի է նաև, որ թիմից հեռացել են նաև կիսապաշտպաններ Դավիթ Ասլանյանը, Արեգ Ազատյանը և պաշտպան Ռիչարդ Բոտչվեյը:

Ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյան պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, վերջինս էլ հասցրել է առաջին մեկնաբանությունները տալ թիմը գլխավորելուց հետո:

«Լոռիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի տեխնիկական տնօրեն է նշանակվել Արամայիս Ուլիխանյանը:

Թիմի շարքերը համալրել է ռուս դարպասապահ Արսեն Սիուկաևը: 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ավարտը: Սիուկաևը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 4 խաղի:

Արսենը «Կուբանի» սան է, հանդես է եկել նաև ռուսական «Կալուգա», «Մաշուկ», «Բիոլոգ» թիմերում: