«Ալաշկերտը» վերսկսել է մարզումները

Հունվարի 11-ին «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզմանը մասնակցել են հայաստանցի ֆուտբոլիստները: Արդեն վաղը ընդհանուր խմբին կմիանան բոլոր լեգեոներները և թիմը կմարզվի ամբողջական կազմով:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը:

Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» թիմին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնա Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպում:

Հիշեցնենք, որ այս ընթացքում «Ալաշկերտում» մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը աշխատանքի է անցել ակումբում և կատարելու է «Ալաշկերտի» հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականի գործառույթները:

Մինչ այդ  «Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը: