Եվրո 2020. Մեր մրցակիցները. Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ու տեխնիկական տնօրենը` վիճակահանությունից հետո

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Վիճակահանությունից հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել էր տպավորություններով, իր մեկնաբանություններն էր տվել նաև Բոսնիայի ազգային ընտրանու ու Հռոմի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն: Իր խոսքն էր ասել նաև Ֆինլանդիայի ազգային հավաքականի ու Խիխոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ռոբին Լոդը:

Վիճակահանությունից հետո իր մեկնաբանություններն են տվել նաև Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչն ու Ֆինլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան: Վիճակահանությունից հետո իր մեկնաբանություններն է արել նաև Բոսնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ օգնական Գորդան Չիպրիչը:

Իրենք տպավորություններով են կիսվել նաև Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսն ու ազգային ընտրանու տեխնիկական տնօրեն Անգելոս Բասինասը:

  • Պետք է ամեն ինչ անենք խմբից դուրս գալու համար, պարտավոր ենք դա անել հանուն հույն երկրպագուների: Հավատում եմ իմ տղաներին: Թույլ կամ ուժեղ մրցակիցներ չկան, ամեն ինչ կախված է մեզանից: Պետք է առավելագույնն անել, լինել մնացածից ուժեղ և ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, մեզ չեն խանգարի վնասվածքներն ու կկարողանանք հաղթահարել ընտրական փուլի արգելքը,- հայտարարել է Անաստասիադիսը:

  • Ծանոթ եմ մրցակիցներին, որպես ֆուտբոլիստ խաղացել եմ նրանց հետ: Իհարկե, թղթի վրա Իտալիան է ֆավորիտ, սակայն պետք չէ շտապել: Պետք է աշխատենք և այս պահից ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք արժանի դիմադրություն ցույց տալ մրցակիցներին,- նշել է 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն Բասինասը: