Եվրո 2020. Մեր մրցակիցները. Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների գլխավոր մարզիչները, ինչպես նաև Բոսնիայի գլխավոր մարզչի օգնականը` վիճակահանությունից հետո

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Իտալիայի, Բոսնիայի, Հունաստանի, Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Վիճակահանությունից հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել էր տպավորություններով, իր մեկնաբանություններն էր տվել նաև Բոսնիայի ազգային ընտրանու ու Հռոմի «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն: Իր խոսքն էր ասել նաև Ֆինլանդիայի ազգային հավաքականի ու Խիխոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ռոբին Լոդը:

Վիճակահանությունից հետո իր մեկնաբանություններն են տվել նաև Լիխտենշտեյնի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչն ու Ֆինլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան:

  • Հետաքրքիր խումբ ստացվեց Իտալիայի գլխավորությամբ: Բոսնիայի ընտրանին լավ տպավորություն է թողնում ու զգալիորեն առաջադիմել է: Ֆինլանդիան նույնպես վատ հավաքական չունի, իհարկե հեշտ մրցակից չէ ու կարողացել են հաղթել Ազգերի լիգայի խաղարկության իրենց խմբում: Հունաստանի շատ դժվար մրցակից է, Հայաստանին էլ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք մրցել նրանց հետո երկու անգամ,- ասել է Պաուրիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Լիխտենշտեյնի ազգային հավաքականներն ընդգրկված էին Ազգերի լիգայի խաղարկության նույն խմբում: Երևանում Հայաստանը հաղթեց 2:1 հաշվով, իսկ Վադուցում կայացած մրցավեճն ավարտվեց 2:2 հաշվով:

  • Երազանքի խումբ չէ, բայց նաև աղետ չէ մեզ համար: Հեշտ խումբ չէ, բայց ես գոհ եմ վիճակահանությունից: Կարծում եմ` հնարավորություն ունենք հաղթահարելու այն, բայց դրա համար պետք է մեր խաղը ցույց տանք: Հետաքրքիր հանդիպումներ են մեզ սպասում: Հայաստանի հավաքականն ի զորու է խառնել բոլորի խաղաքարտերը, ինչու չէ նաև Լիխտենշտեյնը: Կրկին Հունաստանի հետ ենք մրցելու, դրական ու բացասական հիշողություններ են մնացել: Բոսնիան հաղթել է Ազգերի լիգայի խաղարկության իր խմբում: Որակյալ հավաքական ունեն, չմոռանանք Իտալիային: Դժվար կլինի պայքարել առաջին և երկրորդ հորիզոնականների համար: Լավ կլիներ, որ սկանդինավյան հավաքականներ մեզ բաժին հասնեին, սակայն ստացվեց այնպես, որ որպես մրցակիցներ ստացնաք ընտրանիներ, որոնք ներկայացնում են Եվրոպայի հարավը: Դժվար արտագնա խաղեր են մեզ սպասում: Պետք է հաղթահարենք դա, շատ կարևոր է: Տղաները կենտրոնացած են և անհամբեր սպասում են խաղերին: Եթե մենք կարողանանք հասնել մեր ամենաբարձր մակարդակին, ապա կունենանք հնարավորություն հավասար պայքար մղել ցանկացած մրցակցի հետ,- ասել է Կաներվան:

Վիճակահանությունից հետո իր մեկնաբանություններն է արել նաև Բոսնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ օգնական Գորդան Չիպրիչը:

  • Առանձնակի ցանկություններ չունեինք վիճակահանությունից առաջ: Հիմա, երբ ամեն ինչ պարզ է, կարող ենք ասել, որ ավելի ուժեր կամ ավելի թույլ մրցակիցներ կարող էին մեզ բաժին հասնել: Մեր նպատակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն է և մենք պետք է գոհ լինենք վիճակահանությունից,- ասել է Չիպրիչը: