Ինչում են մեղադրում «Մոնակոյի» նախագահ Ռիբոլովլևին

«Մոնակոն» բավական շատ խնդիրներ ունեին, հիմա դրանց ավելացել է նախագահի ձերբակալությունը։ Մոնակոյի դատախազությունը կոռուպցիայի փաստերով հանցանքներ է վերագրում գործարարին։ Նրան ձերբակալել են Չեմպիոնների լիգայի խաղարկության «Մոնակո»-«Բրյուգե» հանդիպումից մի քանի ժամ առաջ։

Տարբեր աղբյուրների տվյալներով, այդ թվում և՝ Football Leaks-ի, Ռիբոլովլևը անօրինական ճանապարհով ֆինանսավորել է «Մոնակոյին» և խախտել ՈւԵՖԱ-ի կանոնները։ Հաղորդում են, որ ակումբի անօրինական ֆինանսավորումը կատարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում և Հոնգ Կոնգում օֆշորային ընկերությունների աջակցությամբ։

Չնայած՝ Ռիբոլովլևին ձերբակալել են ոչ այնքան «Մոնակոյի», որքան նրա անձնական գործերի պատճառով։ 2015 թվականին ռուս գործարարը վիճել է գեղարվեստական իրերի վաճառքով զբաղվող Իվ Բուվեի հետ՝ նրան մեղադրելով Պիկասոյի և Մոդիլյանիի կտավների ընդհանուր առմամբ մեկ միլիարդի հասնող ուռճացված գնի մեջ։

Երկու տարի անց Le Monde-ը հաղորդել է, որ Ռիբոլովլևը օգտվել է Մոնակոյի ոստիկանության ղեկավարության և արդարադատության նախարարի հետ ունեցած կապերից, որպեսզի Բուվեի հետ կոնֆլիկտն իր համար բարենպաստ ելքով ավարտվի։ Մասնավորապես արդեն թոշակի անցած Մոնակոյի ոստիկանապետ Ռեժիս Ասոն Ռիբոլովլևից թանկարժեք ինքնաեռ է նվեր ստացել։

Սեպտեմբերին ձերբակալել են Մոնակոյի նախկին արդարադատության նախարար Ֆիլիպ Նարմինոյին, որը բարեկամական կապերի մեջ էր ռուս գործարարի հետ և կնոջ հետ հանգստացել էր նրա շվեյցարական ամառանոցում։

Ռուս գործարարի տանը խուզարկություն է կատարվել։ Ռիբոլովլևը Forbes-ի վարկածով ընդգրկված է Ռուսաստանի քսան ամենահարուստ մարդկանց ցուցակում։