«Մոնակո». Ռիբոլովլևը չի յուրացրել Մբապեի տրանսֆերից ստացված միջոցները

«Մոնակոն» մեկնաբանել է Football Leaks-ի տարածած այն տեղեկությունը, որը վերաբերում է «Մոնակոյից» «Պարի Սեն Ժերմեն» Կիլիան Մբապեի տրանսֆերի մանրամասներին։

Ֆրանսիացի հարձակվողը «Մոնակոյից» «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Նրան մեկ տարով վարձակալել էին՝ 180 միլիոն եվրոյով գնելու պարտավորությամբ։ Football Leaks-ի տեղեկություններով Մբապեի տրանսֆերից ստացված շահույթի մի մասը՝ 124 միլիոն եվրո, վճարել են անձամբ Ռիբոլովլևին։

- «Մոնակոն» կտրականապես հերքում է ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևի հասցեին բոլոր մեղադրանքները, որոնք վերաբերում են Կիլիան Մբապեի տրանսֆերին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռիբոլովլևը ակումբի դրամարկղից ոչ մի եվրո չի ստացել Մբապեի տրանսֆերից հետո։

Ռիբոլովլևը գրեթե 335 միլիոն եվրո է ներդրել ակումբում տրանսֆերային ծախսերի, խաղացողների աշխատավարձերի և ակումբի պարտքերի մարման համար։ Յուրաքանչյուր մրցաշրջան ակումբն ավարտում էր բացասական բալանսով, բայց Ռիբոլովլևը պաշտպանեց ակումբի շահերը և անհրաժեշտ միջոցներ ներդրեց բոլոր պարտքերը մարելու համար,- ասված է ակումբի հայտարարությունում: