Ալվարո Մորատա. «Հասունացել եմ ու ուժեղացել»

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ նախկինում իրեն դուր չէր գալիս անձրևոտ եղանակին խաղալը, և երբ գոլ չէր խփում՝ որպես պատճառ նշում էր թաց դաշտը։ Բայց նրա կարծիքով հիմա ինքն ավելի է հասունացել և ֆիզիկապես ուժեղացել։ Պնդում է, որ կենտրոնական հարձակվողի համար Անգլիան ամենաբարդ տեղն է։

- Երբեմն մարդկանց թվում է, թե ես դիտավորյալ գոլ չեմ խփում, բայց կան լավ դարպասապահներ և լավ պաշտպաններ։ Գոլ խփելը շատ բարդ է։ Հիմա ավելի շատ հնարավորություն ունեմ, քան նախորդ տարի։ Անցած տարի կարող էի գոլ խփել միայն գլխով, բայց հիմա իրավիճակն այլ է: Կարևորն այն է, որ իմ մտածելակերպն է փոխվել։ Երբեմն հայտնվում եմ քննադատության տակ, երբ թիմը չի հաղթում։ Բայց դա նշանակություն չունի։ Այնպիսի ժամանակաշրջան է եղել, երբ բարկանում էի անձրևի պատճառով։ Երբ վրիպում էի՝ ուրեմն թաց դաշտն էր մեղավոր։ Բայց դրանք ընդամենը արդարացումներ էին։ Յուրաքանչյուրի կյանքում կարող է վատ ժամանակաշրջան լինել։ Կարևորը ճիշտ հավասարակշռությունը գտնելն է։ Հիմա ես գտել եմ ու շատ երջանիկ եմ,-ասել է Մորատան: