Էդեն Ազար. Կնքել նոր պայմանագիր «Չելսիի» հետ, թե տեղափոխվել «Մադրիդ»

Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը խոստովանել է, որ ոչ մի կերպ չի կարողանում ընտրություն կատարել «Չելսիի» առաջարկած նոր պայմանագրի և «Ռեալում» հանդես գալու գայթակղության միջև։ Ընթացիկ մրցաշրջանը բելգիացին շատ լավ է սկսել։ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 8 խաղում 7 գոլ է խփել:

Էդենի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում և խաղացողը դեռ չի որոշել՝ արդյոք կերկարաձգի այն, բայց հաստատ չի ցանկանում անցնել Տիբո Կուրտուայի ճանապարհով:

  • Ոչ, այդպես չեմ ուզում։ Ուզում եմ, որպեսզի և ինձ համար լավ լինի, և ակումբի, որովհետև ակումբն ամեն ինչ է անում ինձ համար։ Չեմ ուզում ասել. «Այո, ես կստորագրեմ նոր պայմանագիրը», բայց ի վերջո՝ չստորագրեմ։ Երբեմն ուզում եմ ստորագրել նոր պայմանագիրը, երբեմն ուզում եմ հեռանալ։ Շուտով կլինեմ 28 տարեկան։ Հնարավոր է՝ իմ կարիերայում միայն մեկ նշանակալի տեղափոխություն կլինի։ Մունդիալի ավարտից հետո ասել եմ, որ ինձ համար սկսվում է փոփոխությունների ժամանակաշրջանը։ Չեմ ստի։ «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է։ «Ռեալը» իմ մանկության երազանքն է։ Հիմա ժամանակ չունեմ, բայց շուտով կխոսենք այդ մասին։ Ես հենց հիմա պատրաստ եմ երկխոսության։ Շատ եմ շփվում և ակումբի, և սեփականատիրոջ հետ,- Ազարին է մեջբերում The Telegraph-ը։