Ցտեսություն, Մինասյան

Անցյալ տարի երկրպագուները մեծ հիացմունքով ընդունեցին Վարդան Մինասյանի վերադարձը, հիմա էլ մեծ ցանկությամբ կճանապարհեն: Այդպիսին է շարքային երկրպագուն՝ նրան որևէ արդարացում չի հետաքրքրում: Այս ամենը պետք է հասկանար հենց Մինասյանը և պետք է պատրաստ լիներ նման զարգացումների: Օրինակները շատ էին՝ որպես ֆուտբոլիստ բոլորի կողմից սիրված Սարգիս Հովսեփյանն ու Արթուր Պետրոսյանը, հավաքականը նախկինում մարզած Սուքիասյանը… ցուցակը կարելի է շարունակել: Մինասյանը հեռացել էր ՍՊԻՏԱԿ ՁԻՈՒ վրա և չպետք է տրվեր գայթակղությանը:

Հիմա հաստատ ցեխ կշպրտվի այդ ուղղությամբ:

Որևէ իմաստ չկա խոսելու մարտավարության ու խաղային ծրագրի մասին, որովհետև այն իսպառ բացակայում էր, չենք էլ խոսելու ֆուտբոլիստների մասին, որոնք մեզ լիխտենշտեյներին հաղթելուց հետո դասեր կտան:

Հիմա սա է Հայաստանի հավաքականը. անհույս, անհասկանալի, առանց նպատակի, ցանկության…

Հայրապետյանական դարաշրջանի ավարտը

Մակեդոնացիների հետ խաղով ավարտվեց հայրապետյանական դարաշրջանը, որն ունեցավ վերելքներ ու վայրէջքներ: Այս ընթացքում հավաքականը հասցրեց ուրախացնել, ինչպես նաև հիասթափեցնել ֆուտբոլասերներին: Վերջիններս ցնծում էին հատկապես Վարդան Մինասյանի ժամանակաշրջանում, որի հրաժարականը պահանջելու համար, ինչպես ցույց տվեց ժամանակը, շատ բան պետք չէր. Բրազիլիայի ուղեգիր չնվաճեցին: Հիմա Հայաստանի ընտրանին գտնվում է միջին թվաբանական իրեն համապատասխան խաղամակարդակում՝ գաճաճների կողքին: Այդպես եղել է գրեթե միշտ, այդպիսին կլինի դեռ երկար ժամանակ, քանի դեռ չեն սկսել հասկանալ շատ ու շատ բաներ:

Եվ վերջում. Կարևորը ստացել էին պարգևավճարները

Ըստ մեր տեղեկությունների՝ Լիխտենշտեյնին մի կերպ հաղթելուց հետո հավաքականի խաղացողները ստացել են մի քանի հազար դոլար պարգևավճար: Հետաքրքիր է` պատրաստ են արդեն իրենք փոխհատուցել երկրպագուներին իրենց ցույց տված ֆուտբոլի համար: