Տրամադրված էին, բայց չհամոզեցին. Ինչպես Հայաստանը հաղթեց Լիխտենշտեյնին

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին սեփական հարկի տակ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Ցանկալի երեք միավորը Վարդան Մինասյանի սաներին հեշտ չտրվեց: Հաշիվը բացելուց հետո շատ արագ գոլ ընդունեցին և միայն երկրորդ խաղակեսի վերջում կարողացան խփել հաղթական գնդակը:

Մինասյանը հավատարիմ է իր փիլիսոփայությանը

Տպավորություն է` աշխարհն էլ շուռ գա Վարդան Մինասյանը չի հրաժարվի Կառլեն Մկրտչյանից: Եթե կիսապաշտպանն առողջ է, ապա Մինասյանի օրոք պետք է լինի խաղադաշտում: Սա աքսիոմա է, ինչպես երևում է բեկման ենթակա չէ: Հայաստանի հավաքականի մարզիչը շարունակում է Մկրտչյանի կողքին օգտագործել գրեթե նույն որակներով խաղացողի: Եթե նախկինում այդ դերը կատարում էր Արթուր Եդիգարյանը, այս պահին Գոռ Մալաքյանն է: Տարբերություն առանձնապես չկա, նույնը վերաբերում է նաև խաղային մյուս դիրքերին: Փոխվել են անունները, մնացածը նույնն է: Թերևս միակ փոփոխությունը տեղի է ունեցել հարձակման գծում և սա առաջին հերթին կենտրոնական հարձակվող չունենալու հետևանք է:

Մինասյանի խաղային ծրագիրը

Քիչ էր մնացել, որ Հայաստանը միավորներ կորցներ արդեն առաջին խաղում: Մրցակիցը պաշտպանվելու էր ամբողջ խաղի ընթացքում ու փորձելու էր հնարավորության դեպքում հակագրոհել և դժվար էր որևէ այլ բան ակնկալել Լիխտենշտեյնից: Պարզ էր նաև, որ Հայաստանի ընտրանին կամա թե ակամա խաղալու է գնդակով ու հիմնականում այն խաղարկելու է մրցակցի կիսադաշտում: Քանի որ բազմիցս ենք համոզվել, որ Մինասյանը առնվազն մեկնարկում և գրեթե միշտ հավատարիմ է մնում հարազատ դարձած խաղային համակարգին, ապա դժվար էր ակնկալել, որ Մալաքյանի կամ Մկրտչյանի փոխարեն ավելի հարձակվողական ոճի կիսապաշտպան կտեսնենք խաղադաշտում, կամ խաղային այլ համակարգով ու ծրագրով հավաքականը կներկայանա: Մինասյանն այս առումով շատ զգույշ է ու գրեթե ռիսկի չի գնում, առավել ևս, որ պաշտպանությունում խնդիրները բազմաթիվ են` սկսած համագործակցության բացակայությունից մինչև կադրային ու նույնիսկ եթե մրցակիցը Լիխտենշտեյնն է իր սահմանափակ հնարավորություններով: Ըստ Մինասյանի ծրագրածի ակտիվ պետք է լինեին եզրերը` Արասի ու Յագանի դեպի կենտրոն տեղափոխությունների ու եզրային պաշտպաններ Հովհաննես Համբարձումյանի ու Արմեն Մանուչարյանի միացումների հաշվին:  Ֆուտբոլիստները պետք է անակնկալի բերեին մրցակցին նաև տեղափոխություններով: Օզբիլիզն հաճախ էր տեղափոխվում կենտրոն, Յագանն էր մերթընդմերթ հայտնվում կենտրոնական հարձակվողի դիրքում, էլ չենք խոսում Մխիթարյանի ու Մարկոսի մասին: Կար հրահանգ նաև հեռվից հարվածել` հաշվի առնելով մրցակցի հագեցած պաշտպանությունը: Իհարկե այստեղ շատ բան էր կախված նաև անհատապես լավ պատրաստված խաղացողներից, որոնք ի զորու են մեկ-երկու մրցակցի շրջանցել կամ արագ ու կարճ փոխանցումներով դուրս գալ հարվածային դիրք կամ ազատ տարածություն` ստանալով թվային առավելություն. Մխիթարյան, Մարկոս, Արաս: Գնդակի խլումը պետք է տեղի ունենար մրցակցի կիսադաշտում:

Դարպասապահը

Խաղաց Արամ Հայրապետյանը: Թիմակիցների հետ համագործակցության խնդիր ուներ, ինչը առնվազն երևաց մի քանի դրվագում: Վերջինս առանձնապես չաշխատեց, մրցակիցը քիչ էր սպառնում, իսկ հեռվից հարվածները բավականին շեղ էին: Գոլային դրվագում նրանից գրեթե բան կախված չէր, իսկ հրաշք տեղի չունեցավ: Լայնակի փոխանցումները այն չէին ու ոչ միշտ էին հասցեագրված, թերևս սա էր պատճառը, որ երբեմն նախընտրում էին գրոհը սկսել խաղարկելով եզրայինների, մասնավորապես Հովհաննես Համբարձումյանի միջոցով:

Պաշտպանությունը

Բարձր էին դիրքավորվում, եզրայինները քիչ աշխատանք ունեին թիկունքում և հիմնականում անցկացրեցին մրցակցի կիսադաշտում, բայց լիարժեք չկատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը: Բավական է նշել գոլային դրվագը: Արմեն Մանուչարյանը չհասցրեց ժամանակին նահանջել, դանդաղ քայլերով հետևում էր, թե ինչպես է նրան փոխօգնության հասած Գոռ Մալաքյանը տանուլ տալիս մրցակցի հետ մենապայքարը, իսկ աջից չէին հասցրել ժամանակին նահանջել ու փակել որոշիչ հարվածը կատարող մրցակցին: Խոսքը  վերաբերում է Համբարձումյանին ու Արասին: Պարզ երևաց, որ Մանուչարյանը պատրաստ չէր հանդիպմանը: Պատահական չէր, որ մինչև ընդմիջումը վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Կենտրոնական պաշտպանների զույգն աշխատեց այնքան, որքան կարող էր ու որքան թույլ տվեց մրցակիցը, իսկ Չալիշիրի փոխարեն կարող էր լինել ցանկացածը` Տարոն Ոսկանյանից մինչև Հայկ Իշխանյան:

Կիսապաշտպանությունը

Խաղի մեկնարկում թույլ տվեցին մրցակցին 11 մետրանոցի նշակետից անարգել հարված կատարել և դժվար է ասել, ինչպես կավարտվեր պահը, եթե չլիներ Հարոյան Վարազդատի գլուխը:  Մալաքյանը բացի իր բուն պարտականությունները կատարելուց, պետք է փոխօգնության հասներ Արմեն Մանուչարյանին: Վերջինս հաճախ էր միանում գրոհներին իր եզրով և հավանաբար նման հրահանգ ուներ ու շատ դեպքերում չէր հասցնում նահանջել: Նման դեպքերում ձախ պաշտպանի դիրքը փակում էր կրկին Մալաքյանը: Չստացվեց ու չաշխատեց: Ինչ վերաբերում է Մկրտչյանի խաղին, ապա նորություն չկար: Դրվագներից մեկում կարող էր գոլ խփել, եթե մրցակցի դարպսապահը լավ չխաղար: Երկրորդ խաղակեսի սկզբում մինչև մրցակցի կարմիր քարտ ստանալը հայ ֆուտբոլիստները սկսեցին ավելի շատ պարտվել մենապայքարներում խաղադաշտ կենտրոնում ու ավելի հաճախ խախտել կանոնները: Խաղի ավարտին դեռ կես ժամ կար, իսկ Գոռ Մալաքյանն ու Կառլեն Մկրտչյանն արդեն դեղին քարտ ունեին, իսկ հաշիվն այդ ժամանակ հավասար էր:

Հարձակումը

Հայաստանի հավաքականի ցույց տված խաղը հարձակման գծում կազմակերպված քաոս էր, թե ոչ, կիմանա միայն Վարդան Մինասյանը, բայց դրվագներով որոշ մտահղացումներ անցան: Եզրային միացումների մասով Համբարձումյանին կարելի է առանձնացնել, որը կարողանում էր սրություն հաղորդել ու երբեմն ստացվում էր համագործակցել Արասի, Մխիթարյանի հետ: Մանուչարյանի միացումները ոչինչ չտվեցին, իսկ նրան փոխարինած Եդիգարյանը առանձնակի չփորձեց: Հեռվից հարվածները շատ էին ու համեմատաբար դիպուկ: Մարկոսը մի քանի անգամ փորձեց, մեկը պսակվեց գեղեցիկ գոլով:  Գնդակը արագ, կարճ փոխանցումներով խաղարկելը մասամբ ստացվեց և հիմնականում դա տեսանք առաջին խաղակեսում և երկրորդ կեսի 11 մետրանոցի դրվագում: Լավ է, որ խաղի ավարտից 15 րոպե առաջ խաղն իր վրա վերցրեց Արաս Օզբիլիզը, արագությամբ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, գեղեցիկ հնարքով թիկունքում թողեց մրցակցի խաղացողին ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հենրիխ Մխիթարյան

Կարող էր առաջ մղել հավաքականին, բայց վրիպեց 11 մետրանոցից, որը հենց ինքն էր վաստակել` ստիպելով մրցակցին խախտել կանոնները: Հետո փորձեց շատ արագ ուղղել սխալը: Կարճ ժամանակում երկու հանրավորություն ունեցավ, մեկ դեպքում հարվածեց դարպասաձողին, մյուսում գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

Առաջին խաղակեսում առանձնապես աչքի չընկավ: Դրվագներից մեկում կարողացավ արագ կողմնորոշվել խառնաշփոթ իրավիճակում, բայց բարձր հարվածեց: Առնվազն երկու անգամ կորցրեց գնդակը խաղադաշտի կենտրոնում, ինչից հետո մրցակիցը արագ հակագրոհ կազմակերպեց: Մեկում նույնիսկ թվային առավելություն ունեին, իսկ գրոհն ավարտվեցին հարվածով: Մեկ դրվագում լավ համագործակցեց Համբարձումյանի հետ, ճեղքեց աջ եզրը ու սուր փոխանցում կատարեց Մարկոսին:  Վերջում ցանկանում էր անպայման աչքի ընկնել գոլով: Դրվագներից մեկում չփոխանցեց ավելի հարմար դիրքում գտնվող թիմակցին, իսկ մյուսում թույլ չտվեցին հարվածել և ստիպված էր փոխանցել Կառլեն Մկրտչյանին:

Ստանդարտներ

Տնային աշխատանք չտեսանք կամ կարելի է ենթադրել, որ տղաները չկարողացան կամ հնարավորություն չունեցան մտահղացումները կյանքի կոչել: Տուգանայինները քիչ էին ու մրցակցի տուգանայինից հեռու, իսկ անկյունայինները խաղարկում էին ինչպես սովորաբար կարելի է տեսնել: Ավելի շատ փորձում էին մոտակա անկյունն ուղարկել գնդակը, իսկ հույսը դրել էին Հովհաննես Համբարձումյանի վրա: Մի քանի անգամ հաղթող դուրս եկավ, բայց հարվածները դիպուկ չէին: Մի դեպքում էլ Մխիթարյանն անարգել հարվածեց, բայց շեղ: Հարկ է նշել, որ անկյունայինների խաղարկումների ժամանակ տուգանայինի մատույցներում հերթապահում էին Արասը, Յագանը, Ղազարյանը:

Փոփոխություններ

Որոշումը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել Արմեն Մանուչարյանին կարող էր չարկատակ խաղալ Վարդան Մինասյանի հետ: Ստացվեց այնպես, որ արդեն առաջին կեսում նա ստիպված էր փոխարինել երիտասարդ խաղացողին, իսկ այդ ժամանակ հաշիվը 1:1 էր: Փաստորեն կորցրեց մեկ փոփոխություն, մինչդեռ կարելի էր հենց սկզբից վստահել նույն Եդիգարյանին: Դժվար էր մտածել, որ Մանուչարյանը կկարողանա նման մարզավիճակով կատարել այն առաջադրանքը, որը տվել էր Մինասյանը: Մյուս փոփոխությունը տեղի ունեցավ ընդմիջումից տասը րոպե անց, ոչնչով աչքի չընկած Յագանին փոխարինեց Տիգրան Բարսեղյանը: Վերջինիս խաղադաշտ դուրս գալուց հետո Մխիթարյանը տեղափոխվեց ձախ եզր ու հենց Տիգրանի հետ պատ խաղարկելուց հետո 11 մետրանոց վաստակեցին: Տիգրանը նաև դարձավ հաղթական գոլի հեղինակը, սակայն նույնիսկ ինքը համաձայն կլիներ գոլը գրանցել Օզբիլիզի անունով, եթե նման հնարավորություն լիներ: Երրորդ փոփոխությունով Մինասյանը հանգստանալու հնարավորություն տվեց Արաս Օզբիլիզին` խաղադաշտ դուրս բերելով Գևորգ Ղազարյանին:

Թիմային խաղ

Տպավորությունը միանշանակ չէ: Տրամադրված էին, բայց չհամոզեցին: Խաղը փոքր ժամանակահատվածների կարելի է բաժանել: Ամեն դեպքում շտկելու ու հղկելու շատ բան ունեն մարզիչները, բայց մեծ է հավանականությունը, որ շուտով այդ լուծը կստանձնի մեկ այլ մասնագետ:

Մարզիչը

Հավաքականի խաղում բացերը շատ էին ու ավելի ուժեղ մրցակիցը գուցե կարողանար ավելի մեծ խնդիրներ ստեղծել, սակայն հաղթանակը մնում է հաղթանակ: Մյուս կողմից ստեղծված իրավիճակում դժվար է մեղադրել Վարդան Մինասյանին, որն ըստ ամենայնի կհեռանա հավաքականից հաջորդ հանդիպումից հետո: Իհարկե որպես հայ, որպես հավաքականին նվիրված անձնավորություն գուցե Մինասյանը ամենալավն է փորձում անել ու առավելագույնը փոխանցել տղաներին, սակայն մյուս կողմից չեն կարող չճնշել կողմնակի զրույցները, որ քեզ փոխարինող են փնտրում: Զրույցները չեն դադարում, որ Յուրի Ջորկայեֆն է (ոչ որպես հավաքականի գլխավոր մարզիչ) պատրաստվում իր մարզչական անձնակազմով ժամանել Հայաստան, ինչպես նաև խոսվում է Դի Բիազիի մասին, որը կարող է փոխարինել Մինասյանին:

Սպասենք Մակեդոնիայի հետ խաղին: Շատ ծանր հանդիպում է մեզ սպասում, խմբային եզրափակիչներից առաջինը:

ՀԱԲԵԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ