Եվրոպայի լիգա. «Ալաշկերտ» – «Կլուժ» 0:2. Պարտություն Երևանում

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ռումինական «Կլուժի» հետ ու պարտվեց 0:2 հաշվով:

Հատկանշական է, որ հյուրերը մեկական գոլ կարողացան խփել խաղակեսերի սկզբում: Դուբլի հեղիանկ դարձավ հարձակվող Մարիուս Ջորջե Ցուկուդեանը, որը նախ աչքի ընկավ հանդիպման 5-րդ րոպեին, հետո հաշիվը կրկնապատկեց 49-րդ րոպեին: Երկրորդ գոլը նա խփեց 11 մետրանոցից:

«Ալաշկերտը» փորձեց խաղի ընթացքում շտկել իրավիճակը, նույնիսկ մրցակցից շատ հարվածեներ կատարեց, բայց դրանք իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում:

Նշենք, որ եվրագավաթներում սեփական հարկի տակ անցկացրած երրորդ հանդիպումն անընդմեջ  «Ալաշկերտը» գոլ չխփեց:

Պատասխան խաղից առաջ ալաշկերտցիները հայտնվեցին բարդ իրավիճակում: Ճիշտ է, թիմը դեռ պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, սակայն դրան հասնելու համար Վարուժան Սուքիասյանի սաները շատ ջանք պետք է թափեն:

Հավելենք, որ «Կլուժ» – «Ալաշկերտ» պատասխան հանդիուպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին: