«Գանձասարի» գործադիր տնօրենը` Լուբամբո Մուսոնդայի շուրջ ստեղծված իրավիճակի, Ալեքսի ու հնարավոր նորեկների մասին

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի շուրջ ստեղծված իրավիճակին արդեն անդրադարձել ենք: Թեմայի շուրջ Football365.am-ը զրուցել է ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանի հետ: Հիշեցնենք, որ նամակ էինք ստացել որում հեղինակը գրել էր, որ «Գանձասար-Կապանի» տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն ամեն կերպ խոչընդոտում է թիմի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի հնարավոր տրանսֆերի կայացմանը: Ակումբը Մուսոնդայի հետ կապված մեծ առաջարկ է ստացել Լեհաստանի ուժեղագույն թիմերից մեկից, իսկ ֆուտբոլիստը ակումբից հեռանալու ցանկության մասին տեղյակ է պահել ղեկավարությանը: Նա պատրաստվում էր այլևս չմարզվել թիմի կազմում ու չմասնակցել առաջիկա խաղին:

- Լուբամբո Մուսոնդայի հետ կապված մենք անընդհատ առաջարկություններ ստանում ենք, բայց դրանք պետք է ձեռնտու լինեն ոչ միայն ֆուտբոլիստին, այլ նաև ակումբին,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Աղաբաբյանը: Անցած, նախանացած տարիներին նույնպես առաջարկներ ստացել ենք տարբեր երկրներից: Այդ մասին տեղյակ ենք պահել նաև ֆուտբոլիստին, սակայն Մուսոնդան նախընտրել է չգնալ տարբեր պատճառներով: Խնդիր չի եղել այս մասով: Այսինքն, եթե խաղացողին ձեռնտու չէ տվյալ տարբերակը, ապա մենք չենք ստիպել այն ընդունել: Նույն էլ հիմա է: Հիմա առաջարկություն է եղել, որը ձեռնտու չէ ակումբին: Ճիշտ է, նշվում է, որ շատ մեծ առաջարկ են արել, սակայն նման բան չկա: Ավելին, շատ վատ ու մեզ ոչ ձեռնտու առաջարկ է ու եթե համեմատենք անցած ու նախանցած տարի ստացած առաջարկներին, ապա տարբերությունը շատ մեծ է: Ասում են, թե ակումբը թույլ չի տալիս, որ Մուսոնդան ավելի բարձրակարգ թիմ գնա, լեհական ակումբ է բարձրակարգ ու նման բաներ: «Գանձասար-Կապանն» էլ լուրջ ակումբ է, հացի արտադրամաս չէ, որտեղ ով ուզենա գա ընդունվի, ով ուզենա գնա: Մի տարվա պայմանագիր ունի, թող պարտավորությունները կատարի, կամ երբ դրա ավարտին կմնա վեց ամիս թող սկսի բանակցել այլ ակումբների հետ: Մինչ այդ նա իրավունք չունի բանակցել որևէ ակումբի հետ: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ կարող ենք ոչ միայն այդ ակումբին ու գործակալներին պատժելու միջոցներ ձեռնարկենք, այլ նաև Մուսոնդային: Մուսոնդային հաստատ պատժելու ենք, որովհետև այսօրվա մարզմանն արդեն չի ներկայացել: Մենք նրան կզգուշացնենք մեկ անգամ, եթե դա շարունակվեց, ապա ավելի լուրջ միջոցների կդիմենք:

- Ո՞ր ակումբի կամ ակումբների մասին է խոսքը և արդյոք «Գանձասար-Կապանը» առաջարկ ստացե՞լ է տվյալ ակումբից կամ ակումբներից:

- Այո, առաջարկ եղել է, լեհական ակումբից:

- Ո՞ր ակումբն է:

- Կարիքը չեմ գտնում նշելու համար:

- Բարձրակարգ ակումբ է նշում են:

- Չգիտեմ բարձրակարգ է, թե ոչ, սակայն մի բան հստակ է, որ հարցերն այսպես չեն լուծում ու այնպես չէ, որ «Գանձասար-Կապանը» երրորդ կարգի ակումբ է: Ավելին, ճիշտ է որակավորման փուլից դուրս մնացինք, սակայն այդ նույն երկրի բրոնզե մեդալակրին մենք հաղթեցինք օրեր առաջ:

- Առաջարկը ակումբն է արե՞լ, թե՞ Մուսոնդայի միջոցով գործակալներն են այդ մասին տեղյալ պահել: Նամակից նման տպավորություն ենք ստանում:

- Ֆուտբոլային գործակալ կապ հաստատեց ինձ հետ, ես նրան ասացի մեր պայմանները: Ինքը ընդունեց դրանք: Դրանից հետո ուրիշ գործակալներ խառնվեցին, որոնց ընդհանրապես չեմ ճանաչում: Անընդհատ ինձ անհանգստացնում էին, դե եթե թույլ չտաք Մուսոնդային տեղափոխվել, մենք ձեզ դատի կտանք: Ասում եմ ինչ դատի տալ, եթե խաղացողը գործող պայմանագիր ունի ակումբի հետ:

- Գործակալները բոլորը արտասահմանի՞ց են:

- Այո: Դրանից հետո սկսել են արդեն անձամբ Մուսոնդայի հետ բանակցել ու վերջինիս հետագա քայլերից կարելի է հասկանալ, որ հենց նրանք են խաղացողին ուղորդել ինչպես պահի իրեն, որ ակումբը բաց թողնի նրան:

- Ստացվում է ցանկացածը կարող է զանգել, ներկայանալ որպես գործակալ: Արդյոք փորձե՞լ եք ճշտել, իրականում ովքե՞ր են զանգել ձեզ:

- Նրանց ասելով ֆուտբոլային գործակալներ են: Ամեն դեպքում, դեռ չենք հասցրել այդքան խորանալ, հուսով ենք հարցը կլուծվի, բայց փաստն այն է, որ նրանց միջոցով նման խնդրի առաջ ենք կագնել, խաղացողն էլ մարզման չի ներկայացել:

- Նշվում է, որ Մուսոնդան դիմել է ղեկավարներին ու հայտնել, որ ցանկանում է հեռանալ: Ե՞րբ է նա դիմել ձեզ:

- Երեկ է դիմել:

- Ո՞րն է Մուսոնդայի ցանկությունը, ի՞նչ է ասել ու ի՞նչ է ուզում:

- Ասում է բաց թողեք ինձ գնամ: Մենք էլ ասացինք, որ մեկ տարվա պայմանագիր ունես: Անցած տարի, երբ առաջարկ էինք ստացել, որը և ակումբին էր ձեռնտու, և նրան Մուսոնդան մերժեց, ասաց չեմ գնա: Սաուդյան Արաբիայից էր, թե Եգիպտոսից: Ասացինք խնդիր չկա, ավելի լավ, որ չես ուզում գնալ:

- Նշեցիք, որ եթե խաղացողը շարունակի չներկայացնալ մարզումներին ավելի խիստ եք պատրաստվում պատժել: Ինչի՞ մասին է խոսքը:

- ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն: Գրավոր զգուշացնելու ենք, կրկնվելու դեպքում արդեն տարբեր միջոցներ կան, կտեսնենք: Իրավաբաններն արդեն կզբաղվեն այդ հարցով:

- Գուցե ինչ-որ խնդիր կա, որ ուզում է տեղափոխվել, թե՞ պարզապես ավելի բարձրակարգ առաջնություն կամ ակումբ տեղափոխվելու հեռնակարն է ստիպել Մուսոնդային գնալ այդ քայլին:

- Ընդհանրապես խնդիր չունի ինքը «Գանձասար-Կապանում»: Երեկ նույնպես հանդիպել եմ նրա հետ, զրուցել ենք: Ընդունեց, սակայն ասաց, որ հայրն իրեն կարոտել է, տոմս է առել ու ուզում է, որ գնա Զամբիա: Բացատրում եմ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է ու ինչ է նշանակում հայրս ուզում է ինձ տեսնել ու ես ուզում եմ գնալ Զամբիա:

- Գուցե ամեն դեպքում ինչ-որ խնդիր կա:

- Ոչ, ոչ մի խնդիր չկա, ոչ աշխատավարձի, որ պարգևավճարների: Ավելին ասեմ, մի քանի անգամ եղել է, երբ մարզիչը ցանկացել է նրան պատժել տարբեր պատճառներով, սակայն ամեն ինչ արել ենք, որ նման բան տեղի չունենա, ներել ենք: Արձակուրդ էր մեկնում, ակումբն էր տոմսերն առնում, սակայն ուշ էր վերադառնում կրկին ներում էր ակումբը:  Ակումբն ամեն ինչ արել է նրա համար: Չի եղել դեպք, որ մի օր նրա աշխատավարձն ուշանա, ընդհանրապես մեր ակումբում նման խնդիր չկա:

- Եթե Մուսոնդան շարունակի չներկայանալ մարզումներին, ի՞նչ եք պատրաստվում անել:

- ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն են շարժվելու ու բոլոր հնարավոր միջոցներով պատժելու ենք:

- Իմաստ կա՞ նման խաղացողին պահել թիմում, որը չի ցանկանում խաղալ: Հնարավոր չէ՞ արդյոք փորձել ընդհանուր հայտարարի գալ թեկուզ այդ նույն ակումբի, գործակալների կամ ֆուտբոլիստի հետ, պայմանավորվել, որպեսզի կողմերից ոչ մեկը չտուժի: Նման հարց քննարկվու՞մ է:

- Մեր դիրքորոշումը հետևյալն է: Պայմանագիր ունենք Մուսոնդայի հետ, եթե նրանք կբավարարեն մեր պահանջները, ապա խնդիր չկա: Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է հրաժարագին ու եթե համաձայնեն վճարել, ապա խնդիր չկա: Ավելին ասեմ, հրաժարագնի կեսն ենք ուզում, թող վճարեն, մենք էլ բաց կթողնենք խաղացողին: Փոխարենը նրանք մեզ առաջարկում են հրաժարագնի կեսի կեսի կեսը ու ասում են շատ լավ առաջարկ ենք արել: «Գանձասարին» նրանք երևի երրորդ կարգի ակումբ են համարում, դրա համար էլ նրանց մոտ նման կարծիք է ձևավորված, որ լեհական ինչ-որ մի ակումբ մի քանի անգամ բարձր է մակարդակով:

- Ինչքա՞ն է Մուսոնդայի հրաժարագինն ու ինչքա՞ն են նրանք առաջարկում:

- Դա թող մնա գաղտնիք:

- Նման խնդրի երբևէ բախվե՞լ էիք:

- Այո ու կրկին կապված Մուսոնդայի հետ: Իսրայելի թիմերից էին կապվել նրա հետ, առաջարկն էլ եսիմ ինչ չէր ու էլի մի քանի օր «նազ ու տուզ արեց», բայց վերջում հասկացավ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ունի գործող պայմանագիր ու պետք է կատարի դրանում ամրագրված պարտականությունները:

- Մուսոնդան դեռ Հայաստանու՞մ է:

- Այո, Հայաստանում է:

- Ալեքսի մասին ի՞նչ կասեք:

- Ալեքսի հետ գործող պայմանագիրն ավարտվել է: Ոչ ակումբը, ոչ նա որևէ պարտավորություն չունի: Նա ասել է, որ գնում է փորձաշրջան անցնելու: Եթե չեմ սխալվում Իսպանիայում: Ասել է եթե հաջողվեց պայմանագիր ստորագրել, ապա կմնա, եթե ոչ ապա ցանկություն ունի կրկին շարունակել մրցելույթները «Գանձասարում»:

- Տեղեկություն ունենք, որ «Փյունիկի» խաղացողներ Բակար Բալդեն ու Դրիսա Դիարասուբան տեղափոխվելու են «Գանձասար-Կապան»:

- Այդ մասին վաղը հայտարարություն կանենք:

- Փաստորեն հնարավոր է, որ համալրեն:

- Բացի նրանցից, այլ համալրումներ նույնպես կլինեն:

- Գեղամ Հարությունյանը հեռացավ, Ալեքսը, Մուսոնդայի շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ առաջնության մեկնարկին քիչ է մնացել:

- Գեղամի հարցը մի փոքր այլ էր ու վստահ եմ, որ նա մեծ բարձունքների կհասնի շնորհիվ իր աշխատասիրության ու նվիրվածության: Ճիշտ է նրա հետ նույնպես պայմանագիր ունեինք, բայց չէինք կարող մերժել նրան ու ընդառաջեցինք: Ընդհանրապես սելեկցիայի մասով ամեն ինչ նորմալ է մեզ մոտ: Ինչպես գիտեք Գեղամի փոխարեն արդեն հրավիրել ենք Միհրան Մանասյանին: Կարծում եմ համարժեք փոփոխություն է:

- Մուսոնդան թիմի առաջատարներից է ու նրա հնարավոր բացակայությունը կարող է թողնել իր ազդեցությունը, այն էլ նման պատմությունից հետո: Չե՞ք փորձելու ևս մեկ անգամ զրուցել, բացատարել, համոզել:

- Համոզելու հարց չկա, ամեն ինչ հստակ է ու պարզ: Կփորձենք ամեն ինչ անել գործող պայմանագրում նշված կետերի համաձայն:

Հաբեթ Հարությունյան