Որքան են արդեն վաստակել «Ալաշկերտն» ու «Փյունիկը» եվրագավաթներում

Երևանի «Ալաշկերտը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, սակայն պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայի խաղարկությունում ու արդեն հաղթահարել է մեկ փուլ:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին մասնակցելու համար «Ալաշկերտն» արդեն վաստակել է 280 հազար եվրո: Եվրոպայի լիգայի խաղարության որակավորման երկրորդ փուլին մասնակցելու համար ակումբը վաստակել է 260 հազար եվրո:

Հարկ է նշել, որ որակավորման երրորդ փուլին մասնակցելու համար «Ալաշկերտը» կստանա ևս 280 հազար եվրո:

Հատկանշական է, որ որպես երկրի չեմպիոն, եթե «Ալաշկերտը» չկարողանա նվաճել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր, ապա որակավորման յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար կստանա հավելյալ 260 հազար եվրո:

Ստացվում է` «Ալաշկերտն» առնվազն կվաստակի 280 հազար (ՉԼ 1-ին փուլ) + 260 հազար (ԵԼ 2-րդ փուլ)  + 280 հազար (ԵԼ 3-րդ փուլ) + 260 հազար (հավելյալ) + 260 հազար (հավելյալ) = 1 միլիոն 340 հազար եվրո, եթե իհարկե ակումբին չհաջողվի անցնել ռումինական «Կլուժի» արգելքը, հակառակ պարագայում թիվը կավելանա:

Ինչ վերաբերում է «Փյունիկին», ապա ակումբն այս պահին արդեն վաստակել է 500 հազար եվրո Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին ու երկրորդ փուլերին մասնակցելու համար, իսկ որակավորման երրորդ փուլին մասնակցելու համար գումարը կավելանա ևս 280 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է Թել-Ավիվի «Մակքաբիի» հետ:

Հայկական մյուս ակումբները` «Գանձասար-Կապանն» ու «Բանանցը», որոնք դուրս մնացին պայքարից Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից վաստակել են 240 հազարական եվրո: