Լուբամբո Մուսոնդան, Լեհաստանից ստացած առաջարկն ու «Գանձասարի» պարզաբանումը

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի անվան շուրջ տարբեր խոսակցություններ են պտտվում, մասնավորապես նշվում է, որ խաղացողը կարող է տեղափոխվել Լեհաստան և համալրել տեղի ակումբներից որևէ մեկը:

Football365.am-ը նույնիսկ նամակ է ստացել, որտեղ նշվում է այդ մասին: Հեղինակը նկատում է, որ «Գանձասար-Կապանի» տնօրեն Գառնիկ Աղաբաբյանն ամեն կերպ խոչընդոտում է հնարավոր տրանսֆերի կայացմանը: Նամակում նշվում է, որ ակումբը Մուսոնդայի հետ կապված մեծ առաջարկ է ստացել Լեհաստանի ուժեղագույն թիմերից մեկից, իսկ ֆուտբոլիստը ակումբից հեռանալու ցանկության մասին տեղյակ է պահել ղեկավարությանը: Նա պատրաստվում էր այլևս չմարզվել թիմի կազմում ու չմասնակցել առաջիկա խաղին:

«Գանձասար-Կապանի» ներկայացուցիչ Աշոտ Մարտիրոսյանը հարցի հետ կապված ասաց հետևյալը:

- Չեմ հասկանում ինչ արշավ է սկսվել: Մուսոնդան մեր ֆուտբոլիստն է, չունի որևէ խնդիր, ժամանակին աշխատավարձը ստանում է: Ինչ է նշանակում ուզում են ձեռք բերել կամ որ ակումբն է ուզում հրավիրել: Խաղացողը գործող պայմանագիր ունի: Սա ակումբ է, թող ցանկացողները պատշաճ մակարդակով դիմեն, թե չէ ինչ է ստացվում ասում են ուզում ենք, ձեր խաղացողին տվեք մե՞զ ու նման արշավ են սկսել: Այդպես չի լինում,- մեզ հետ զրույցում նշեց Աշոտ Մարտիրոսյանը: