Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» – «Սելթիկ» 0:3. Հանդիպումից հետո

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Սելթիկի» հետ և պարտվեց 0:3 հաշվով:

Հանդիպման հաշիվը մինչև ընդմիջումը բացեց Օդսոն Էդուարը, իսկ երկրորդ կեսում մեկական անգամ աչքի ընկան Ջեյմս Ֆորեստն ու Կալում Մակգրեգորը:

Ալաշկերտցիները փորձեցին դիմադրել հզոր մրցակցին, սակայն մակարդակի տարբերությունն ակնհայտ էր: Կելտերն առանց մեծ ջանքեր գործադրելու լուծեցին իրենց առջև դրված առաջադրանքը: Դիմակայության ելքը գրեթե պարզ է, իսկ պատասխանը խաղը հիանալի առիթ է հաջորդ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Հիշեցնենք, որ այստեղ պայքարը թողնելուց հետո «Ալաշկերտը» խաղալու է Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում:

Սպասելիքները

Մեծ չէին, իսկ թե ինչու ցույց տվեց արդեն խաղի ընթացքը: Խնդիրը միայն գրանցված հաշիվը չէ, այլ խաղամակարդակների ու վստահության պակասի: Հանդիպումը շատ հանգիստ կարող էր ավարտվել նվազագույն հաշվով, սակայն Սուքիասյանի սաները բաց թողեցին ևս երկուսը դրվագներում, երբ կարելի էր խուսափել այդ ամենից մի փոքր ագրեսիվ ու վստահ գործելու դեպքում:

Խաղային պրակտիկա

Ալաշկերտցիների համար ինչ-որ տեղ նախապատրաստական փուլը դեռ չի ավարտվել և կարծում ենք առաջնայինը Եվրոպայի լիգայի խաղարկության վրա կենտրոնանալն է` գոնե այնտեղ չտապալվելու համար: Այս տեսանկյունից «Սելթիկի» հետ հանդիպումները կարելի է յուրօրինակ նվեր համարել` հաշվի առնելով դրանց պաշտոնական բնույթը:

Արժեհամակարգ

Իրականությունից իհարկե պետք չէ կտրվել ու սթափ գնահատել իրավիճակը: «Սելթիկին» հաղթելու, նույնիսկ նրա արգելքը հաղթահարելու հնարավորություն բոլոր թիմերն էլ ունեն, այդ թվում նաև «Ալաշկերտը», սակայն հարցն այն է, թե քանի տոկոս է կազմում այդ հնարավորությունը: Հաշվետու դիմակայության պարագայում հնարավորությունները գրեթե զրոյական էին, բավական է նշել միայն, թե որքան է կազմում շոտլանդական ակումբի բյուջեն` 90 միլիոն ֆունտ: Ու ստեղծված իրավիճակում ու առկա պայմաններում ինչ-որ բան պահանջել թեկուզ նույն Վարուժան Սուքիասյանից նման է ջուր ծեծելուն: